Ազատության հրապարակում ընթացող վտիտ կապիկությանը մնաց 3 օր։ Ոչ միայն վստահ եմ, որ հանրաքվեի արդյունքների հայտարարման հաջորդ օրը կդառնա վերջինը ոչ միայն Ազատության հրապարակում ծավալված խեղկատակության համար, այլև հույս ունեմ, որ սա կլինի անբովանդակ ու կրկնվող սակավամարդ հանրահավաքների թրենդի վերջը։ Պարզապես Սեֆիլյանն ու այլ քաղաքական ուժերը, որոնք այս օրերին շարունակում էին անիմաստ բարբաջել տրիբուններից, այլևս կդառնան իրենց լրիվ սպառած քաղաքական թափոններ։
Մեր երկրում կա ադեկվատ ու լուրջ ընդդիմության օբյեկտիվ պահանջարկ, և մի աշխարհ սեֆիլյանատիպ առաջարկները ոչ մի կերպ չեն փակում այդ առաջարկը և խանգարում են, որպեսզի նորմալ մարդիկ և ուժերը ստանձնեն այդ դերը։ Ես հիմա չեմ պնդի, որ հանրաքվեի հաջորդ օրը Սեֆիլյանի բալագանն ուժով կցրեն, չնայած դա էլ չի կարելի բացառել։ Ամեն դեպքում, ինչպես եղավ Բաղրամյանի պարագայում, ինչ-որ մի պահի պարզապես կգան ու կհավաքեն դրանց, նույն օրն ազատ կարձակեն, ու կոմեդիան այդքանով կվերջանա։
Ու այդ կոմեդիայի վերջով կվերջանա տրիբունային հիստերիկների դարաշրջանը մեր ընդդիմադիր դաշտում, որովհետև այս 10 տարին առավել քան հերիք էր, որպեսզի հանրությունը հասկանա, որ նման ավանտյուրիստները գրոշի արժեք չունեն, բայց դրանից ժողովուրդը չի դադարում դժգոհ լինել, և այն ուժերը, ովքեր կկարողանան նոր մոտեցում ներկայացնել, նոր ռազմավարություն մշակել, դրանք էլ կստանան դժգոհ մեծամասնության աջակցությունը։ Սկզբում՝ զզուշավոր համակրանքի տեսքով, իսկ հետո, իհարկե, հետևողականություն դրսևորելու դեպքում նաև հասարակական-քաղաքացիական ակտիվության տեսքով։ Ես արդեն առնվազն երկու այդպիսի ուժեր տեսնում եմ մոտ հորիզոնում, բայց դեռ վաղ է վերջնական գնահատականներ տալ։ Կապրենք, կտեսնենք։