Որոշ դատարկամիտ բուտաֆորներ, որ շուբիզնեսյան լուսատիտիկներ են, բայց իրենց աստղ են զգում, ամեն օր ռուսական էժանագին, բայց թանկ վճարվող ալիքներով իրենց են գովազդում` «աշխարհի վերջի» ֆոնի վրա: Զզվելի է, որ հասկանում ես, թե ինչպես են այսօր մի քանի ողորմելիներ կարողանում, ինֆորմացիոն դաշտն իրենց ծառայեցնելով, մարդկանց զոմբիացնել: Իսկական հավատացյալը գիտի, որ «Աշխարհի վերջ»-ի մասին միայն «Աշխարհի սկիզբը» դնողը գիտե.
«Բայց այդ օրվա եւ ժամի մասին ոչ ոք չգիտի…»,- ասաց Տերը (Մատթ. ԻԴ 36)` չկամենալով մարդկանց հայտնել Իր գալստյան օրն ու ժամը՝ մեր իսկ օգուտի համար, որպեսզի յուրաքանչյուր մարդ ամեն օր սպասի Տիրոջ վերադարձին` իր կյանքի յուրաքանչյուր օրն ապրելով այնպես, կարծես վերջինը լինի: «Զգույշ եղեք ինքներդ ձեզնից,- ասում է Տերը,- գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ եւ հարբեցողությամբ ու աշխարհիկ հոգսերով. եւ հանկարծակի հասնի ձեզ վրա այն օրը… Արթուն կացեք այսուհետեւ, ամեն ժամ աղոթք արեք, որպեսզի կարողանաք զերծ մնալ այն ամենից, որ լինելու է, եւ արժանի լինեք կանգնելու մարդու Որդու առջեւ»,- հորդորում է Ղուկաս ավետարանիչը (ԻԱ 34-36), որովհետեւ «այն ժամին, երբ չենք սպասում, կգա մարդու Որդին» (տե՛ս Մատթ. ԻԴ 44), քանզի «Տիրոջ օրն այնպես է հասնում, ինչպես գողը` գիշերով» (Ա Թեսաղ. Ե 2): Ուրեմն գիտենալով այս՝ արթուն լինենք հոգով, ամեն վայրկյան սպասենք Տիրոջ վերադարձին` ապրելով մեր «պանդխտության ժամանակը» աստվածահաճո կենցաղավարությամբ, զղջանք ու ապաշխարենք մեր գործած սխալների ու մեղքերի համար, ողջախոհ եւ զգոն լինենք, որպեսզի Տիրոջ գալստյան ժամանակ վստահութուն ունենանք Նրա առջեւ կանգնելու ու լսելու Նրանից. «Ապրե՛ս, բարի՛ եւ հավատարի՛մ ծառա, որովհետեւ այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ. մտի՛ր քո Տիրոջ ուրախության մեջ…» (Մատթ. ԻԵ 21):
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/zarouhidilanyan/posts/536523683025261
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել