Hraparak.am
-ը գրում է.
Այսօր՝ լուսադեմին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձի արդյունքում ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա ՊԲ զինծառայող Էրիկ Էդիկի Գրիգորյանն այսօր պետք է զորացրվեր։ Այս մասին Hraparak.am-ի հետ զրույցում նշեց Շաքիի գյուղապետ Վահե Ղազարյանը։
«Էրիկը շատ լավ ընտանիքի զավակ էր։ Ցավոք մի քանի տարի առաջ հայրը հանկարծամահ է եղել։ Ընտանիքն ապրում է գյուղում, զբաղվում հողագործությամբ։ Էրիկն ընտանիքի փոքր որդին էր։ Նրանք 4 եղբայրն էին, իսկ հիմա մնացին երեք եղբայրով» ,- նշեց գյուղապետը՝ հավելելով,որ Էրիկը հանգիստ տղա էր, գյուղի դպրոցն ավարտելուց հետո, միանգամից ՊԲ էր զորակոչվել։ Էրիկը զորակոչվել է 2013թ աշնանը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ժամը 04:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը:
Ցավոք, ծավալված մարտերի ընթացքում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1995թ. ծնված Էրիկ Էդիկի Գրիգորյանը: Հետախուզադիվերսիոն գործողությունից, դեկտեմբերի 3-ին և լույս 4-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /197 արկ/, 82 /43 արկ/ միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 /14 արկ/, ՌԳՊ-7 /1 արկ/ նռնականետերից ու TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանքից /4 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց: Այս պահի դրությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի ականանետային և հրթիռային զինատեսակներից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել