Lurer.com–ը գրում է.
Նամիբիայի մայրաքաղաք Վինդհուկում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընթացող ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի 10-րդ նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունն արձագանքել է ադրբեջանական մամուլում այս օրերին տարածվող բացահայտ կեղծ տեղեկատվությանը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմի ելույթը վերաբերել է, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և այդ երկրում գործող լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, որտեղ մի շարք կեղծիքներ ներկայացվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի և մասնավորապես վերջինիս Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի անունից: Այդ կեղծիքների թվում են Քոչարի պարի հայկական ինքնության` իբրև թե ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից մերժումը, կոմիտեի նիստի ընթացքում ադրբեջանական պատվիրակության տեղի չունեցած ելույթները, ՅՈւՆԵՍԿՕ-ի գործառույթներին որևէ կերպ չառնչվող քաղաքական բնույթի զեկույցների ընդունումը և այլն:
Նշվել է նաև, որ եթե Ադրբեջանը կարող է կեղծիքներ տարածել իր երկրում` մոլորության մեջ դնելով իր իսկ բնակչությանը, ապա համաշխարհային հանրության և միջազգային կազմակերպությունների հետ նույն կերպ վարվելն անհնար է:
Հայկական պատվիրակության ներկայացուցիչը ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունն է հրավիրել այն հան­գա­ման­քի վրա, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է քաղաքականացնել այս հարթակը, ինչն անթույլատրելի է: Կոչ է արվել ՅՈւՆԵՍԿՕ-ի քարտուղարությանը հետամուտ լինել և արձագանքել Ադրբեջանի կողմից այս կազ­մա­կեր­պու­թյան ան­վան շահարկումներին և կեղծիքների տարածմանը, ինչը ոտնահարում է կազմակերպության հեղինակությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել