Մի քանի տարի առաջ կատարված այս պատմությունն ավելի շատ ֆիլմ է հիշեցնում, քան իրականություն, ու դա միանգամայն հիմնավոր պատճառներ ունի։
Ուկրաինուհի Մոկրինա Յուրզուկը և իտալացի Լուիջի Պեդուտոն հանդիպեցին միմյանց 1943 թվականին Ավստրիայում գտնվող գերմանական համակենտրոնացման ճամբարում։ Երիտասարդները միանգամից նկատեցին միմյանց։ «Նա այնքան գեղեցիկ է։ Այս փոսիկները նրա այտերին... պետք է պաշտպանել նրան», – մտածեց իտալացի երիտասարդը։ «Նա այնքան նիհար է։ Ես նրան կկերակրեմ», – անցավ ուկրաինուհու մտքով։ Դրանից հետո երկու ճակատագրերը զարգանում էին, ինչպես մեկը։ Հետագա երկու տարիները նրանք անցկացրեցին՝ իրարից աչք չկտրելով ու միմյանց ձեռքերը բաց չթողնելով։ Մոկրինան չգիտեր ոչ մի իտալերեն բառ, իսկ Լուիջին՝ ոչ մի ռուսերեն բառ։ Մեծ հաշվով դա պետք էլ չէր, որովհետև նրանց հպումներն ու հայացքներն ավելի շատ բան էին ասում, քան կարելի էր արտահայտել բառերով։
1945 թվական։ Հաղթանակ։ Ընդհանուր բերկրանքի ֆոնին երիտասարդները հուսահատ տեսք ունեին։ Նրանք հրաշալի հասկանում էին, որ իտալացուն թույլ չեն տա գնալ ԽՍՀՄ, իսկ ուկրաինուհուն թույլ չեն տա տեղափոխվել դեռևս ոչ վաղ անցյալում ֆաշիստական եղած Իտալիա։ Նրանց սերը չափազանց իդեալական էր իրականության համար։ Արդյունքում աղջկան գրեթե բռնի ուժով հայրենիք վերադարձրեցին։
Լուիջին տրտում հայացքով նայում էր նրա հետևից։ Նա իր ձեռքում սեղմած պահել էր Մոկրինայի հասցեն ու նրա մազերից կտրած մի փունջ, որը գաղտնի կտրել էր բաժանման նախորդ գիշերը։ «Ես կվերադարձնեմ քեզ, անպայման կվերադարձնեմ», – մտածեց Լուիջին և արտասվեց։
Անցան տարիներ։ Լուիջին չէր դադարում փնտրել Մորկինային, սակայն երկաթյա վարագույնն անողոք էր։
Սիրահարները սկսեցին փորձել կարգավորել իրենց կյանքը և երջանկություն փնտրել առանց միմյանց և ընտանիքներ ստեղծեցին։ Սակայն 65 տարի անց անգամ առաջին սիրո լույսը չէր մարել նրանց հոգիներում։
Վերջիվերջո, արդեն 81-ամյա ծերունի դարձած Լուիջին դիմեց ռուսական ԶԼՄ-ներին՝ հուսալով գտնել իր սիրելիի Մարիին (այսպես էր նա անվանում իր սիրելիին)։ Երբ Մոկրինա Անդրեևնայի դուռը թակեցին լրագրողները, նա բնավ էլ չզարմացավ։ Հարցին, թե գիտե՞ք՝ ով է Ձեզ որոնում, նա միանգամից պատասխանեց․ «Լուիջի Պեդուտտոն Իտալիայից»։ Երիտասարդ լրագրողների բերանները բաց էին մնացել զարմանքից, որովհետև անգամ 65 տարի անց սիրող կինը չէր մոռացել իր սիրելիի անունը ու ոչ մի վայրկյան չէր կասկածել, որ իր սիրելին որոնում է իրեն։
Տևական դադարից հետո Լուիջիի ու Մոկրինայի առաջին հանդիպման ժամանակ անհնար էր զսպել արցունքները։ «Մարիա», – բացականչեց նա՝ գրկելով ու համբուրելով իր սիրելիին, – «Փոսիկները-փոսիկները...»։ Այդքան տարիներ անց դրանք պահպանվել էին արդեն տատիկ դարձած Մոկրինայի դեմքին։ Տարեց իտալացին ծնկի եկավ, ձեռքերն իրար հպեց և իտալերեն շնորհակալություն հայտնեց Աստծուց ու իր ճակատագրից, որ հնարավոր դարձրեցին այս հանդիպումը։ Լուիջին Մարիային վերադարձրեց նրա մազափունջը և տեր կանգնեց իր խոստմանը, որ տվել էր 65 տարի առաջ։
Լուիջին ու Մարիան շարունակեցին հանդիպել ու պարբերաբար հյուրընկալվում էին միմյանց մոտ։ Այդպիսի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ Իտալիայում Լուիջին ամուսնության առաջարկություն արեց Մոկրինայինն, ու նրա սիրելին տվեց իր համաձայնությունը։
Ծերությունը, պատերազմը և նույնիսկ մահը չկարողացան բաժանել այս զույգին։ Նրանք հավերժ միասին են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել