Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրագրող Արթուր Կիրակոսյանի հարցը վերաբերել է այն հանգամանքին, որ ՀՀ Նախագահը նախկինում սահմանադրական փոփոխությունների և առավել ևս, կառավարման խորհրդարանական համակարգի համոզված կողմնակիցը չի եղել։
- Պարո՛ն Նախագահ, նախկինում Դուք սահմանադրական փոփոխությունների և առավել ևս, կառավարման խորհրդարանական համակարգի համոզված կողմնակիցը չէիք: Այն ժամանակ, երբ հրապարակվեց հայեցակարգը, Դուք հիշեցիք Ձեր նախկին հայտարարությունները հօգուտ գործող Սահմանադրության և նաև մտահոգություններ հայտնեցիք, թե փոփոխվելու դեպքում՝ խորհրդարանական կառավարման պարագայում, ինչպես են ապահովվելու երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը և կառավարման համակարգի կայունությունը: Հիմա, դատելով այսօրվա զրույցից, կարո՞ղ ենք համարել, որ այդ մտահոգությունները իսպառ փարատված են, և Դուք կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից եք: Եթե այո, ապա հանրաքվեից հետո, եթե արդեն խորհրդարանական կառավարման համակարգ ունենանք, ապա ինչո՞վ է զբաղվելու արդեն նախկին Նախագահ Սերժ Սարգսյանը:
- Նախ պետք է ասեմ, որ ես Ձեր շտապողականությունը չեմ կիսում, և ինձ կարող են երեք տարի հետո ասել՝ նախկին Նախագահ:
- Լավ, երեք տարին լրանալուց հետո:
- Դա արդեն այլ բան է: Իսկ դրա մասին ես կարծում եմ կխոսենք 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո. հիմա շատ վաղ է այդ մասին խոսելը, և այս կարևոր թեման, չեմ կարծում, որ համադրելի է իմ քաղաքական ապագայի թեմայի հետ: Սա՝ մեկ: Երկրորդ՝ պատասխանելով գործընկերներիցդ մեկի հարցին, ես ասացի, որ եթե մեր երկրում լիներ մաքուր նախագահական կառավարում, միգուցե, չգնայի և հավանականությունը շատ մեծ է, որ չէի գնա այսպիսի բարեփոխումների, որովհետև, նորից եմ կրկնում, այն վտանգը, որի մասին ես ասում եմ, այլ վտանգներ էլ գոյություն ունեն նախագահական համակարգի պարագայում, բայց նշածս վտանգը առկա չի լինի:
Ցավոք, էլի եմ ասում, մեր երկիրը նախագահական կառավարման երկիր չի` կիսանախագահական է, որտեղ գործադիր ֆունկցիաները որոշակի պարագաներում կիսում են Կառավարությունն ու Նախագահը, որտեղ Կառավարության ձևավորումը կիսում են Խորհրդարանն ու Նախագահը: Միգուցե, պրակտիկ կյանքում, կենցաղում լավ է կիսելը, բայց երբ խոսքը վերաբերվում է անվտանգությանը, այստեղ իրավունք կամ պատասխանատվություն կիսելը շատ վտանգավոր է: Եվ համոզված եղեք, եթե ես 100 տոկոսով վստահ չլինեի առաջարկվող համակարգի ֆունկցիոնալության վրա, չէի գնա այսպիսի փոփոխությունների, որովհետև, ի վերջո, պատասխանատվությունը շատ մեծ է, չէ՞: Ի՞նչու պիտի, չունենալով լրջագույն պատճառներ, ես գնայի այսպիսի փոփոխությունների:
Որքան էլ ես հարգեմ Դաշնակցությանը, որ արդեն 25 տարի է ասում է, որ մեր երկրում խորհրդարանական կառավարում պետք է լինի, որքան էլ ինձ համար նշանակություն ունենար «Բարգավաճ Հայաստանի» և «Ժառանգության» դիրքորոշումները՝ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին, ես չէի գնա այդպիսի փոփոխությունների: Բայց տեսնել վտանգն ու ոչինչ չձեռնարկել, իմ պարագայում՝ ես հանցագործություն եմ համարում: Աստված տա, որ դեկտեմբերի 6-ին նորմալ քվեարկություն լինի, փոփոխությունները անցնեն, ամեն ինչ հարթվի: Եվ Աստված մի արասցե, եթե գործող Սահմանադրությունը մնա, և հետո դժվարին պայմաններում, մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն սկսվի, այն ժամանակ, գոնե կասեմ՝ ես ժամանակին առաջարկել եմ՝ տեսնելով այս վտանգը: Իհարկե, այն ժամանակ միանգամից մացառուտներ են փախչելու այն մարդիկ, ովքեր այսօր «ոչ» են ասում:
Բայց ի՞նչ, ավելի լավ է վատ բանը իրականությու՞ն դառնա, որ հետո ասենք՝ տեսեք մենք ճի՞շտ էինք, թե՞ փորձենք մեր տեսածը, մեր ապրածը, այդ ճանապարհի ընթացքում մեր ձեռքբերածը մեջտեղ բերել և ասել, որ ճիշտ ճանապարհը սա՛ է: Եթե հիշում եք, 1995 թվականին էլ կային քննադատություններ մեր առաջին Սահմանադրության վերաբերյալ: 2003 թվականին ընդհանրապես փոփոխությունները չանցան: 2005 թվականին էլ էին քննադատությունները շատ: Այսինքն` քննադատելը հեշտ է մի փաստաթղթի, որում շատ ջանք է ներդրված և որը շոշափում է, առնչություն ունի մեր կյանքի բոլոր ոլորտների հետ:
Թող նրանցից մեկը, ով իրեն այդքան համարում է սահմանադրագետ, մի Սահմանադրություն գրի, և ես՝ ոչ իրավաբանս, մեկ անգամ կարդալով միայն 200 նկատողություն կանեմ: Հեշտ է պատրաստիի մասին խոսել: Ո՞վ է ասում, թե այս առաջարկությունները, որ մենք ներկայացրել ենք, բերելու են մեր Սահմանադրության իդեալական վիճակի: Չի կարող այդպիսի բան լինել. չի կարող, որովհետև, ինչպես ասացի, Սահմանադրությունը կարգավորում է մեր առօրյան, իսկ մեր առօրյան փոխվում է՝ փոխվում է աշխարհաքաղաքական վիճակը, փոխվում է հասարակության տրամադրությունը, հասունությունը և այլն:
Եվ փաստաթուղթը, որը կարգավորում է քո կյանքի բոլոր ոլորտները, պետք է համապատասխանի իրականությանը: Հակառակ պարագայում, խոչընդոտներ են առաջանում: Հեքիաթներ են պատմում, ասում են, որ այս երկրի Սահմանադրությունը 100 տարի է՝ չի փոխվել, այս մի երկիրը ընդհանրապես Սահմանադրություն չունի: Դա, մոտավորապես, նման է նրան, որ մեծ, շքեղ կտավից մի փոքրիկ հատված վերցնես և ասես՝ այս հատվածում այսպես է: Այդ հատվածը ներդաշնակ է ողջ կտավին: Եվ որևէ մեկը, ով այդ երկրների օրինակը բերում է, մինչև վերջ ծանոթ չէ դրանց ողջ օրենսդրությանը: Ինչպես ասացի, շատ պարագաներում, մեր քաղաքական գործիչներից ոմանք իրենց թույլ են տալիս ասելու, որ գերմանացի սահմանադրագետը լավ չգիտի Գերմանիայի օրենսդրությունը կամ Սահմանադրությունը:
Այս առումով, մի մեծ գերմանացի շատ լավ խոսք ունի, ասում է՝ հիմարությունը աստվածային շնորհ է, բայց չարժե այդ աստվածային շնորհը չարաշահել: Այս պարագայում, այդ ո՞վ է մեր մոտից, որ Անգլիայի ողջ սահմանադրական դաշտը, չեմ ասում՝ Սահմանադրությունը, լիովին ուսումնասիրել է և գիտի՝ ինչպե՞ս է կարգավորվում: Այդպես խոսողներից մեկին արդեն մասնավոր զրույցում, մարդկանց ներկայությամբ, երբ ասացի՝ լսիր, իսկ կարո՞ղ ես ասել Մեծ Բրիտանիայում ընդհանրապես ընտրություններն ինչպե՞ս են անցնում, այնտեղ կարգը մեծամասնակա՞ն է, թե՞ համամասնական, վիճում էր ամենայն լրջությամբ, որ այնտեղ համամասնական ընտրակարգ է:
Իհարկե, մենք գործ ունենք նաև այդպիսի մարդկանց հետ, բայց դա չի նշանակում, որ նման մարդիկ են գերակշռում մեր քաղաքական դաշտում: Մարդ պետք է նաև պարտավորություն ունենա տեսնել փոփոխությունները ժամանակի մեջ: Ով դա չի կարող տեսնել, իր խնդիրն է, բայց երբ իր խնդիրը դառնում է ժողովրդի խնդիրը, դա արդեն անթույլատրելի է: Այսօրվա առաջարկությունները շատ ավելի կայուն համակարգ են առաջարկում անվտանգության տեսակետից, քան գոյություն ունեցողն է: Միանշանակ, որևէ կասկած այստեղ չկա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



