Ռուբեն Ամիրաղյանի շնորհաշատ սաներից երկուսը՝ նրա դուստրը՝ ՀՀ թիվ 1 ռակետ, ՀՀ բազմակի չեմպիոնուհի, 22-ամյա Անի Ամիրաղյանն ու 16-ամյա Գաբրիելա Հակոբյանն, այս օրերին Անթալիայում (Թուրքիա) մասնակցում են կանանց թենիսի 10 հազար դոլար մրցանակային հիմնադրամով իրար հաջորդող 2 միջազգային մրցաշարերի: Դրանցից առաջինում նոյեմբերի 23-29-ն ընթացած «SPX CUP WOMEN՛S»–ում, Գաբիրելան, ով միջազգային դասակարգման ցուցակում առայժմ ընդգրկված չէ, կանանց մենախաղի որակավորման փուլում 1 հաղթանակ տարավ, սակայն հետո 2-րդ շրջանում ֆրանսուհի Ժուլի Ռենսոնի արգելքը հաղթահարել չկարողացավ: Մենախաղի հիմնական ցանցի մրցաշարից ելույթները սկսած ՀՀ 1-ին ռակետը, ով անցած անցած շաբաթ դասակարգման WTA-ի ցուցակում 853 հորիզոնականն էր զբաղեցնում, 1/16-րդ փուլում պայքարից դուրս մղեց իր հասակակից բուլղարուհի Ջուլիա Ստամատովային, ով այդ նույն ցուցակում 457-րդ տեղում էր ընթանում: Բայց հետո 1/8 –րդ փուլում համառ ու անհաշտ, դրամատիկ ընթացք ունեցած մրցամարտում 4:6, 6:7(5) հաշվով զիջեց 18-ամյա ռումինուհի Գեորգինա Սերբանին, ով WTA-ի դասակարգման ցուցակում 564-րդ վարկանիշն ուներ:
WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում անցած շաբաթ 586-րդ տեղը զբաղեցնող Ամիրաղյանն Անթալիայի այդ ստուգատեսում մասնակցեց նաև զուգախաղի մրցաշարին: Այստեղ նա ընկերակցում էր WTA-ի զուգախաղի դասակարգման ցուցակում հիմա 248-րդ հորիզոնականը զբաղեցնող 23-ամյա ուկրաինուհի Ալյոնա Սոտնիկովային: Նրանց հաջողվեց 2 հաղթանակ տոնել ու կիսաեզրափակիչ մտնել: Այստեղ, ի վերջո, լարված ու անզիջում պայքարում նրանք 2:6, 6:3, 7:10 հաշվով զիջեցին Սոֆյա Կվացաբայա, Վրաստան/Մարիա Ստեուրին, Գերմանիա ինտերնացիոնալ զույգին ու ստիպված եղան բավարարվել վաստակած վարկանիշային 4 միավորով: Այն Անիին թույլ կտա գալիք շաբաթ զուգախաղի դասակարգման ցուցակում առաջադիմելու առնվազը 20 տեղով:
Նոյեմբերի 30-ից Անթալիայում սկսվեց նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը տևելիք GD TENNIS WOMEN՛S 10000$ անվանումով մրցաշարը: Այստեղ 20 թենիսիստուհիների մասնակցությամբ ընթացած մենախաղի որակավորման փուլում գերազանց հանդես եկավ երևանցի Գաբրիելա Հակոբյանը: Նա այս փուլի արգելքը հաջողությամբ հաղթահարած 8 թենսիստուհիների թվում է: Վերջիններս իրավունք են ստացել մասնակցելու հիմնական ցանցի 32 ուժեղագույն թենիստուհիների մրցապայքարին: Գաբրիելան որակավորման փուլի 1-ին շրջանում 7:5, 6:4 հաշվով առավելության հասավ 18-ամյա չինուհի Յիֆեյ Յանի, իսկ 2-րդում էլ՝ 6:4, 6:3 հաշվով 15-ամյա ռուսաստանցի Մարիա Արեշկինայի նկատմամբ:
Երեկ հիմնական ցանցի մրցաշարի 1/16-րդ փուլում Գաբրիելան ուժերը չափեց ԱՄՆ ներկայացնող 19-ամյա Դաշա Իվանովայի հետ, ով այս շաբաթ WTA-ի մենախաղի դասակարգման ցուցակում 782-րդ վարկանիշն ունի: Առավել մեծ փորձն այստեղ վճռորոշ դեր խաղաց, ու 6:2, 6:0 հաշվով հաղթելով՝ Իվանովան 1/8-րդ փուլում հանդես գալու իրավունք նվաճեց:
Անի Ամիրաղյանն, ով այս երկուշաբթի հրապարկված WTA-ի մենախաղի դասակարգման նոր ցուցակում 854-րդ տեղում է, կրկին պայքարը սկսեց հիմնական ցանցի մրցաշարից ու 1/16-րդ փուլում մրցեց դասակարգման ցուցակում ներկայումս 680-րդ հորիզոնականը զբաղեցնող 17-ամյա բուլղարուհի Պետյա Արշիկովայի հետ:
Այստեղ քիչ առաջ ավարտված մրցամարտում ՀՀ բազմակի չեմպիոնուհին 1 ժամ 2 րոպեում առավել քան համոզիչ առավելությամբ՝ 6:1, 6:0 հաշվով հաղթեց վարկանիշային ցուցակում իրենցից զգալիորեն վեր կանգնած մրցակցուհուն: Այժմ 1/8–րդ փուլում Ամիրաղյանն ուժերը կչափի 1/16-րդ փուլում իր համերկրացի Գաբրիելա Հակոբյանին «նեղացրած» ու պայքարից դուրս մղած ամերիկուհի Դաշա Իվանովայի հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram.ugujyan/posts/873586919426633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



