Tert.am-ը գրում է.
Դրանք պետք է մեխակներ լինեին և ոչ թե վարդեր, մի փոքր սխալվել ենք. այսօր Ազատության հրապարակում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն, անդրադառնալով այն հարցին, թե ինչ էր ցանկանում ասել՝  փորձելով ծաղիկներ դնել ՀՀԿ գրասենյակի առջև: 

«Այդ ծաղիկները հրաժեշտի ծաղիկներ էին: Այդ կուսակցությունն ուզում են ամրապնդել, փոխարինեն կուսակցապետությամբ, բայց չի լինելու, ժողովուրդը, վերջին չասեմ, բայց կարևոր հնարավորություն ունի այդ կուսակցապետության հզորացումը կասեցնելու»,-ասաց նա:
Ըստ կուսակցության նախագահի՝ հայոց ոստիկանությունը չարաշահում է: «Նրանց օգտագործում են՝ հանձնարարելով կուսակցական շենքը պաշտպանել ոչ միայն քաղաքացուց, այլ ծաղկից, և սա բնորոշում է մեր իրավիճակը, հետո էլ խոսում են դեմոկրատական ժողովրդական ճանապարհից»,-ասաց նա:

Ըստ նրա, իհարկե, «այո»-ի բուն շտաբը կառավարության շենքն է, քանի որ այնտեղ է նստած «այո»-ի շտաբի պետը: «Այնպես որ ծաղկեպսակն այնտեղ պետք է դնեի, բայց Օսիպյանը և այլ ոստիկաններ վազեցին, և ես պատիվ ունեի ՀՀԿ-ին ուղղված  ծաղիկները տալ Օսիպյանին,  ինքն էլ շնորհակալություն հայտնեց»,-նշեց նա:
  
Բացի այդ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ամեն օր ժամը 12-ին տեղեկատվական հավաք է լինելու, կարճ զեկույցներ կլինեն, որը կվերաբերեն ներքին ու արտաքին  քաղաքական հարցերին: Այնուհետև արդեն ժամը 18:00-ին, քանի դեռ հրապարակում ենք, ժողովրդական նիստերն այստեղ կկատարենք:

Բացի այդ Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում «Ոչ»-ի շտաբի հավաքն է նախատեսվում, որին ներկա կլինեն նաև իրենք և դա կլինի «միացյալ ընդդիմության առաջին քայլը»:

«Դրանից հետո մինչև դեկտեմբերի 7-ը մենք կտեսնենք ժողովրդի պահանջած միասնությունը, որը բերելու է քաղաքական իրավիճակի բեկումնային փոփոխության: Վաղը «ոչ»-ի մասնակցությամբ կլինի հավաք, իսկ դեկտեմբերի 4-ից «Նոր Հայաստանի» մասնակցությամբ, և կգա ժամանակ, երբ արդեն տարբերություն չի լինելու. լինելու է համաժողովրդական շտաբ, որը պայքարելու է այս ապօրինի կոռուպցիոն, անամոթ իշխանությունների հեռացման համար, և որը կկարողանա ստեղծել լեգիտիմ, վստահություն վայելող իշխանություն»,-նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել