Ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշակելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասի անունից հայհոյել միւսին, յարձակուել միւսի վրայ, եւ դա առնուազն հրէշութիւն է, դա ասել է` հեշտացնել մեր գիշատիչ հարեւանների գործը, դա ասել է` նորանոր աղէտների համար նախապատրաստել հայրենի ժողովուրդը: Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն…
…Թող լավ կարդան սա, մանավանդ ապականողները … մանավանդ սրիկաները:
ԹԵՐԹԵՐ ՈՒՆԵՆՔ, ՈՐՈՆՔ ԱՎԵԼԻ ՕԳՏԱԿԱՐ ՊԻՏ ԼԻՆԷԻՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԵԹԷ ԲՆԱՎ ԼՈՅՍ ՉՏԵՍՆԷԻՆ:
Ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր ժողովրդի մտաբարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէք ունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սեփական մտաբարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամ անցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ: Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառութեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեան մէջ, արձագանքը հանդիսանալով կա՛մ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի, կա՛մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւ շահերի:
Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ` առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն եւ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով եւ «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւլն.: Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագիրները գիտե՞ն, թէ խօսքը եւ դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերն` այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր ներքին մարդը:
Միշտ էլ, երբ ձեռքս եմ առնում որոշ թերթեր, ակամայից յիշում եմ «թերթերի իրար ոչնչացումը» խորհրդանշող մի ծաղրանկար` «օձերի կռիւը» խորագրութեամբ: Ոչնչացնելով իրանց շուրջը եղածներին, մնացած երկու օձերը ուտում են իրար եւ կռուադաշտում մնում է... երկու պոչ միայն...
Ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշակելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասի անունից հայհոյել միւսին, յարձակուել միւսի վրայ եւ դա առնուազն հրէշութիւն է, դա ասել է` հեշտացնել մեր գիշատիչ հարեւանների գործը, դա ասել է` նորանոր աղէտների համար նախապատրաստել հայրենի ժողովուրդը: Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն: Թողնե՛նք փոքրիկ եսերի եւ փառասիրութիւնների ամօթալի եւ վտանգաւոր կռիւը` կռուադաշտում մի օր «երկու պոչ» չթողնելու համար:
«Օրինակը, թող որ համր, ամենակարող ուսուցիչներից մէկն է աշխարհի»: Քիչ խօսք, շատ օրինակ` ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնուիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների` չկայ դաստիարակութիւն: Թող գիտակցեն այդ հայ մամուլը վարողները եւ մեծապէս օգտուեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից:
Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող նրանք յաճախ պատմեն իրենց ընթերցողներին, թէ ինչպէս սիրեց հայրենիքն Ա-ն, թէ ի՞նչպէս ծառայեց իր ժողովրդին Բ-ն, թէ ինչպէս ընկաւ իր ժողովրդի համար Գ-ն, եւլն.: Թող գիտակցեն հետեւեալը.
- «Մարդկութիւնը հոգեպէս աճում է, մեծանում է դէպի վեհն ու հազուագիւտն ունեցած իր հիացումի շնորհիւ միայն» (Նիցշէ): Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին: Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապուած է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նուիրական գերեզմաններին` մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի դաստիարակիչ են, քան մեր այսօրուայ դպրոցը, բեմը, եկեղեցին: «Մեծ սիրտ եւ ազնիւ զգացումներ» եւ ահա՛ թէ ինչը ուժեղ կը դարձնի մեր ժողովուրդը եւ ահա՛ թէ ինչ պիտի տայ մեր ժողովրդին հայ մամուլը: Կարո՞ղ են այդ անել մեր թերթերը` յուսալի է մեր ապագան: Չե՞ն կարող` թող դադարեն թուղթ սեւացնելուց: Աւելի պիտ հիանալ այն խմբագիրների լռութեամբ, որոնք չեն ուզում միայն աղմուկ եւ «փոշի» բարձրացնել:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/hayrenater045/posts/318023521637686
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել