Դե, գիտեք՝ վերջին սուր զարգացումների համատեքստում Ռուսաստանն արգելել է մի ամբողջ շարք թուրքական արտադրության ապրանքների ներկրումն իր ներքին շուկա: Մինչ տնտեսությանն ու տնտեսագիտությանը քչից-շատից առնչվողները վերլուծություններ են անում, թե Հայաստանն ի՞նչ կարող է շահել կամ չշահել դրանից, ինձ փոքր-ինչ այլ հարցեր թեթևակի անհանգստացրեցին:
Բայց նախ, «ի գիտության» կարգով նշեմ, որ ինքս թուրքական արտադրության որևէ ապրանք երբեք չեմ գնում, այլոց էլ նույնն եմ հորդորում, ինչը հայտնի է ինձ ճանաչողներին և հայտնի է վաղուց:
Նախքան թուրքական «աբրանքեղենին» հասնելը Ռուսաստանի ֆուտբոլային ակումբները հայտարարեցին, թե հրաժարվում են ձմեռային ուսումնամարզական հավաքները Թուրքիայում, մասնավորապես՝ Անթալիայում անցկացնել: Այնտեղ, ի դեպ, այդ բիզնեսը լուրջ հիմքերի վրա է դրված, անցած տասնամյակում էլ լավ ծաղկել է: Բայց դա դեռ մի կողմ:
Բուն՝ ինձ հետաքրքրող երևույթն այն է, որ ռուսական ակումբներից գրեթե անմիջապես հետո կայծակնային արագությամբ դրա մասին հայտարարեցին Հայաստանի ֆուտբոլային ակումբները: Հա, նաև Հայաստանի սամբիստները նման հայտարարություն արեցին, ի համերաշխություն... ռուսների:
Լավ, դեռ սամբիստներին հանգիստ թողնենք: Չնայած, միանգամայն հատկանշական է, ինչի՞ թողնենք:
Ցավն ու միաժամանակ հարցն այլ են. պարոնա՛յք, տղանե՛ր, հայրենակիցնե՛ր, եղբայրնե՛ր, վերջապես, բա որ Թուրքիան ռուսական ռազմական օդանավը հանկարծ չխփեր, ու այս ամբողջ շիլաշփոթը չլիներ, բա որ ռուսական ակումբները, ասենք, նման բան չհայտարարեին, դուք էդպես էլ շարունակելու էիք, չէ՞, անխռով-անվրդով գնալ թուրքիա-մուրքիա, անթալիա-մանթալիա, ըստամբուլ-մստամբուլ՝ մարզվելու, հանգստանալու, առուտուրի:
Այսինքն, ի՞նչ է ստացվում. Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրայով ցատկ կատարելով՝ լա՜վ էլ կարող եք գնալ Թուրքիայում հավաքների և այլն, իսկ այ որ ռուսական ակումբները հրաժարվեցին, հանկարծ ձեր ազգային պատվախնդրությո՞ւնն էլ արթնացավ: Դեռ էն մասին էլ չեմ խոսում, որ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումից առաջ ՀՖՖ «թեթև ձեռքով» ու արագացված կարգով փոխվեց մեր Արարատի ուրվագծով ֆուտբոլային զինանշանը, երևի նրա համար, որպեսզի հանկարծ թուրքերը վատ չզգան…
Այսինքն՝ մեր ու, բնականաբար, նաև՝ ձե՛ր պապերին կոտորելը, մեր բոլորիս նախնիների արյունը թափելը՝ հեչ, ռուսական օդանավի խփելը՝ մե՞ջ:
Ճիշտ հասկանանք. ես ուրախ եմ, որ հայկական ակումբները (գլուխը՝ քարը) որոշել են Թուրքիա չգնալ: Բայց, ո՞նց ասեմ, վիրավորական է, թե ինչպես ու ինչից հետո են նման բան որոշել: Լավ, ռուսները ենթադրենք, նոր-նոր հիշողության թարմացում ստացան՝ «օդ-օդ» տեսակի հրթիռով միջնորդավորված, բա ձե՛ր հիշողությունն է՞լ պիտի մոսկվաներից փչող հովերից «թարմանա»: Գերի մնացած Արարատի ամենօրյա հիշեցումը քի՞չ է:
Ի դեպ, «աբրանքեղենի» մասին: Դե՝ թուրքական, էլի: Տարեկան միջինը, ոնց էլ չլինի, մի 200 միլիոն դոլարի թուրքական արտադրանք (ամենաքիչը) ներկրվում ու իրացվում է Հայաստանում: Բոլոր կոչերը, հայտարարությունները, բացատրությունները, որ այդպիսով, այսինքն՝ թուրքական արտադրանք գնելով՝ հայերն այդ չափով ֆինանսավորում են թուրքական տնտեսությունը, ֆինանսավորում են բացարձակապես թշնամական պետությանը, որը նույն այդ փողերով, շատ հնարավոր է, իր ազգակից ու մեր հանդեպ փաստացի պատերազմ վարող ադրբեջանական բանակին է օգնում ու ռազմամթերք մատակարարում, բանի տեղ չեն անցնում: Չեն ազդում բոլոր այն հայրենակիցների վրա, որոնք կարող են ու պետք է քայլեր անեն՝ թույլ չտալու համար այդ «աբրանքի» ներհոսքը:
Հիմա, ասում եմ, բա իմացա՞ք, Ռուսաստանն արգելել ա՜, կարող է՞, այդ «ջրերն ընկած», Հայաստանն էլ արգելի: Այլապես, բանից պարզվում է, Հայաստանում մի ահագին ժամանակ թուրքական թռչնամիս է իրացվում (դե բա ո՜նց, ամո՞թ չի, հանկարծ Հայաստանում թռչնաբուծությունը զարգացնենք), դե լոլիկի ու մնացած բաների մասին էլ չասեմ:
Հա, մի բան էլ: Տարածված խոսք-կաղապար կա. «Թուրքը մնում է թուրք»: Ճիշտն ու անկեղծ ասած, դա ինձ առանձնապես տարօրինակ չի թվում. թուրքը թուրք էլ մնալու էր, բա հո հոլանդացի չէ՞ր դառնալու: Ինձ բազմապատիկ ավելի ու միշտ հետաքրքրել ու կարևոր է թվում այլ հարց. իսկ հայը հա՞յ է մնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել