Պուտինը հերթական շառաչուն քաղաքական ապտակն է հասցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հրաժարվելով հանդիպել վերջինիս հետ Փարիզում այսօր կայանալիք կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային գագաթնաժողովի շրջանակներում։
Հիշեցնեմ, որ ավելի վաղ Էրդողանը գանգատվել էր, որ նա փորձել է կապվել Կրեմլի հետ, բայց նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։ Սա միանշանակ շատ չոր ու վիրավորական դիրքորոշում է դիվանագիտությունում, որը վկայում է մի կողմից Պուտինի վճռականության մասին, իսկ մյուս կողմից հուշում է, որ ռուս-թուրքական դիմակայությունը դեռ չի էլ հասել իր կիզակետին։
Այս մասին նաև հուշում են ոչ այնքան հրապարակային այլ գործողություններ, որոնց մասին այդքան չի խոսվում առայժմ։ Մասնավորապես, երկու կողմերն էլ բավականին ակտիվ ու վտանգավոր զորաշարժեր են անում և, օրինակ, ռուսական կողմն այսօր հայտարարել է, որ երկու թուրքական սուզանավ անընդհատ հետևում են «Մոսկվա» հրթիռային հածանավին, որն, ինչպես գիտեք, մասնակցում է Սիրիայի օդային սահմանի փակմանը թուրքական օդուժի համար։
Կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարելի է արձանագրել, որ ռուս-թուրքական հարաբերություններն այս աստիճան սրված չէին եղել 1917 թվականից ի վեր, ու թեև վաղ է դեռ խոսել ռազմական ռեալ բախման մասին, սակայն մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ ռուսները դեռ իրենց վերջին խոսքը չեն ասել, ու Թուրքիան դեռ շատ է ցավոտ հարվածներ ստանալու։ Ողջ հարցը կայանում է նրանում, թե ինչպիսին կլինեն Թուրքիայի հավանական պատասխան քայլերը, և որքանով են թուրքերը վճռականորեն տրամադրված այս դիմակայությունն էլ ավելի խորացնելու հարցում։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/blog-post_30.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել