ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1988-ի դեկտեմբերի 1-ին՝ այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարները հանդիպմանը հնչեցրեցին սոցիալական հանդուրժողականության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդրի շուրջ տեղեկատվության փոխանակման ընդլայնման կոչեր:
Այս օրն իր մեջ պարունակում է կոչ` ուղղված համայն աշխարհի մարդկությանը` միավորելու բոլոր ջանքերը՝ կասեցնելու ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համաճարակը, որը, հիրավի, դարձել է ոչ թե մեկ երկրի կամ տարածաշրջանի, այլ ողջ երկրագնդի լրջագույն մարտահրավերներից մեկը:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի արդյունավետությունը կախված է բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից և պատասխանատու վարքագծից:
Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) հիվանդության որոշակի արտահայտությունների ամբողջություն է։
ՁԻԱՀ-ը ՄԻԱՎ վարակի վերջնային փուլն է, զարգանում է ՄԻԱՎ-ով վարակված բոլոր մարդկանց մոտ, բնորոշվում է իմունային համակարգի գործունեության խաթարմամբ, որի հետևանքով օրգանիզմն անպաշտպան է դառնում զանազան վարակիչ և ուռուցքային հիվանդությունների նկատմամբ։
Ինչպես ցանկացած այլ վարակ, ՄԻԱՎ-ը ևս ունի իրեն հատուկ զարգացման փուլերը։
Հ.Գ. Ցավոք, այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում գոյություն չունի: Ներկայում գոյություն ունեցող դեղամիջոցները կարող են միայն հետաձգել ՄԻԱՎ վարակի անցումը ՁԻԱՀ-ի փուլին, երկարացնել հիվանդի կյանքի տեւողությունը և բարելավել կյանքի որակը: Այդ պատճառով էլ կանխարգելումն ունի կարևոր նշանակություն: Չվարակվելու նախապայմանն անվտանգ վարքագիծն է: