Խորագրիս մեջ, իհարկե, մի քիչ հումոր կա, և մի քիչ պարոդիա՝ Միքայել Նալբանդյանին ու ճանապարհ փնտրող ու չգտնող մեր ազգին ուղղված: Սակայն գրությանս առիթն ուղղակի հիանալի է:
Հեքիաթագիտություն – մեր բանագիտության ազնիվ ու անհրաժեշտ ճյուղը: Հայկական հեքիաթների ծովը, համաշխարհային հեքիաթի օվկիանոսը:
Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի աջակից հարկի տակ 27-28 նոյեմբերի 2015թ, տեղի ունեցավ «ՔՈՒՆԸ ԵՎ ԵՐԱԶԸ ՀԵՔԻԱԹՈՒՄ» գիտաժողովը: Այս խառնակ ժամին, երբ քաղաքական «հեքիաթագիտությունը» մաշում է մեր ավյունը, ցավ է տալիս մեր սրտին, կայացավ մշակութային կարևոր իրադարձություն: Հայ գիտական նոր սերունդը – հիմնականում՝ քնքուշ հայուհիներ, նաև մեր ծաղկուն հասունները, իրենց կանացի թևերի մեջ էին առել հեքիաթի ժանրը: Հատկապես երազները – այդ զարմանալի կապը, որ ստեղծել է Արարիչը՝ անհատ-անգիտակցականի և կոլեկտիվ-անգիտակցականի միջև, Մարդու և Արարչի միջև՝ մարդուն կրթելու և դաստիարակելու համար: Երազները… Դուք այնտեղ լինեիք ու տեսնեիք, թե մեր հետազոտողներն ի՛նչ նրբակերտ գիտականությամբ են մատուցում գրեթե անորսալի նյութը, ի՛նչ եզրահանգումներ են անում: Աշխատանքների մեջ նկատվում էր եվրոպական բարեխճություն ու հարստություն, արևելյան իմաստնություն, հայկական ոգեշնչվածություն: Այդ հրաշալի համատեղումը իրականացվել էր բանասիրության դոկտոր, հայ հեքիաթագիտության մի յուրօրինակ դպրոցի հիմնադիր՝ Ալվարդ Ջիվանյանի ղեկավարությամբ:
Ուրեմն, ո՞րն է մեր ուղիղ ու միակ ճանապարհը, մեր երկրի կայացման գլխավոր լծակը – մեր մշակույթի պահպանումը: