ԱԺ-ի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող փաստերը պարզելու և դրանք ԱԺ ներկայացնելու նպատակով ԱԺ-ում կարող են ստեղծվել քննիչ հանձնաժողովներ: Քննիչ հանձնաժողովների ինստիտուտը պառլամենտական վերահսկողության լրացուցիչ գործիք է:
ՀՀ սահմանադրությամբ՝ «քննիչ» հանձնաժողովներին տրված կարգավորումները կարելի է կիսալուծումներ համարել: ԱԺ-ի քվեարկությանը մասնակցած պատգամավորների ձայների մեծամասնությամբ կարող են ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծել, որոնք կարող են «քննիչ» հանձնաժողովի գործառույթներ իրականացնել:
Սակայն եթե հաշվի առնենք այն դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովների ստեղծման համար նախատեսում է, որ քվեարկությանը մասնակցի պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին, ապա պարզ է դառնում` այս ինստիտուտը կարող է ստեղծվել միայն այն դեպքում, երբ դա ցանկանում է պառլամենտական մեծամասնությունը: Սրանով էլ պայմանավորված՝ քննիչ հանձնաժողովը չի դառնում պառլամենտական փոքրամասնության վերահսկողության գործիք:
Ի տարբերություն գործող սահմանադրության՝ սահմանադրության փոփոխությունների նախագծով քննիչ հանձնաժողով ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդով: Քննիչ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ, և հանձնաժողովում նախագահում է պահանջը ներկայացնող պատգամավորներից մեկը: Սրանով նոր սահմանադրության նախագիծը հնարավորություն է ստեղծում պառլամենտական փոքրամասնության համար պառլամենտական վերահսկողական գործընթացում լայն ներգրավվածության համար: