Ռուսական ռազամական ինքնաթիռը խոցելով՝ Էրդողանը լուրջ փաստի առաջ կանգնեցրեց ՆԱՏՕ-ին: Դեպքից հետո անմիջապես Ռուսաստանի հետ կոնտակտի մեջ մտնելու փոխարեն Էրդողանը ՆԱՏՕ-ի հետ սկսեց հարցերը քննարկել՝ փորձելով կատարվածում իր պատասխանատվությունը լղոզել ու այն դնել ՆԱՏՕ-ի վրա՝ որպես Ռուսաստանի դեմ հանդես եկող ռազմական բլոկի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Բայց արդյունքում բախվեց ՆԱՏՕ-ականների իներտությանը, ինչը հասկանալի է: Այս դաշինքի ամբողջ իմաստը ԽՍՀՄ-ին հակադրվելն էր, իսկ Սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն մինչ այսօր էլ իր իմաստի ու առաքելության փնտրտուքի մեջ էր:
Քանի որ այս կառույցում հստակ չէ «ով ում և ինչի համար»-ը, ուստի հիմա կամաց-կամաց տեղի է ունենում այն, ինչից որ դաշինքում ամենաշատն էին վախենում՝ ցուցադրվող միասնության պառակտում և բաժանարար գծերի առաջացում:
Արևմտյան առաջատար լրատվամիջոցներից ու փորձագետներից եկող Էրդողանի հասցեին ուղղված քննադատություններն այդ մասին են վկայում:
Արդեն խոսվում է այն մասին, որ ինքնաթիռը խոցելու թուրքական վարկածին կասկածանքով են վերաբերում Գերմանիան ու Չեխիան, գումարած՝ այս քայլով Էրդողանը խաթարեց Օլանդի պլանները՝ ռուսների հետ միասին պայքարել ԻՊ-ի դեմ: Մյուս կողմից էլ պարզ է, որ ՆԱՏՕ-ի մյուս երկրները, թեկուզ Բալթյան կամ Արևելաեվրոպական մյուս երկրները, պատրաստ չեն իրենց անցավ գլուխը ցավի տակ դնել ռուսների առաջ՝ Էրդողանի սուլթանական հակումները բավարարելու համար: Իզուր չեն Արևմուտքից հնչում տեսակետներ, որ Էրդողանը «հօդս ցնդեցրեց ՆԱՏՕ-ի խաղաքարտերը» կամ որ «Թուրքիային Ռուսաստանով փոխարինելու ժամանակն է»: