Աստղաբան, հասարակական գործիչ |
Ոնց էլ լինի մենք ձեր «ձեռքին ենք նայում», տեղեկատվական դաշտի կապող օղակը դուք եք: Դուք եք մատուցում այն, ինչի վրա հիմնվելով՝ մենք հետո պիտի եզրակացություն անենք, կարծիք կազմենք, բան հասկանանք: Քանի դեռ անծանոթ թեմա է, լուռ կուլ ենք տալիս ձեր հրամցրածը, բայց երբ հերթը հասնում է այն ոլորտներին, որոնց լավ ենք տիրապետում, սկսում ենք բարձրաձայնել ձեր բացթողումների մասին: Մի երկու դիտարկում էլ ես անեմ:
Հարգելիներս, երբ դիմում եք մարդուն, նրանից հարցազրույց վերցնելու, նախ կարդացեք այն թեմայի մասին, որից խոսելու եք: Լրագրողը ՊԱՐՏԱՎՈՐ է լինել տեղեկացված, կարդացած ու զարգացած: Նա պիտի լավ տիրապետի իր գործին, բազում անգամներ ականատես եմ եղել՝ ոնց է նորմալ, որակյալ լրագրողը, հընթացս լսելով ռեպորտաժը, հայտնաբերում այնպիսի բառաշարք, որ թյուրըմբռնման տեղիք կտար և ճշտումներ մտցնում: Ցավոք, մեծ ափսոսանքով եմ նշում, որ նրա նմանները քիչ են: Սովորաբար, միջին վիճակագրական լրագրողն ի՞նչ է անում: Խուճուճ հարց է տալիս (որովհետև նորմալ հարցադրման համար բավարար գիտելիքը բացակայում է), որին փորձում են պատասխանել, որը սակայն սխալ կամ կիսով չափ է համապատասխանում լրագրողի նպատակին, արդյունքում այդ մարդու արտահայտությունը կտրատում, խմբագրում, մոնտաժում են այնպես, որ եթե վերլուծես, կստացվի, որ ինքն իրեն հակասում է:
Որոշ ժամանակ առաջ լուրերով կրկին իմացա, որ տիկին Էլյան ասուլիս է տվել: Լավ, տվել է՝ տվել է, ինչ անենք: Բայց անցավ մի երկու օր, ու այդ ասուլիսի արձագանքը հասավ ականջիս: Տիկինն ասել է (լրագրողի ներկայացմամբ, ես այնտեղ չեմ եղել, գիտեմ), թե իբր 2016 թվականին Հայաստանը կգտնվի իր զարգացման գագաթնակետին: Օհոո, այսինքն հիմա թունդ տեմպերով զարգացման մեջ ենք))))) Լավ, ենթադրենք, բա ոչ մի լրագրողի մոտ հարց չի՞ առաջացել, հետո ի՞նչ է լինելու, չէ՞ որ գագաթնակետը ենթադրում է անկում որպես բնականոն զարգացման ընթացք…. Չէ, չեն հարցնում, չեն խորանում: Տիկինն ասում է մոլորակի առանցքի տատանում, դուք չգիտեք՝ դա ինչ է նշանակում, բառերը չեք վերլուծում, արդյունքում ստացվում է, որ ինչ-որ բան տատանվում է, ու դա հաստատ վատ է, վաաաաայ…
Հարգելիներս, եթե թեմային չեք տիրապետում, հարցազրույց մի արեք, ամոթ չի: Կամ նախապես հանդիպեք այդ մարդուն, լսեք իրեն, հետո նոր ձևակերպեք ձեր հարցերը: Մի դրեք ոչ ձեզ, ոչ էլ պատասխանողին հիմար վիճակում: Եթե անհասկանալի թեմա է, կամ անորսալի, ոչ շոշափելի ոլորտ, ապա դրա ներկայացուցիչներին ոչ թե հրավիրեք թոք շոուի, մարդուն տալով հարցեր, որոնց նա իրավասու չէ պատասխանել, այլ նկարահանեք ֆիլմեր, որոնք պետք է անպայման մասնագետ խորհրդականի օգնությամբ մոնտաժվեն, որպեսզի հեռուստադիտողները բան հասկանան ու սովորեն, ոչ թե խուճապի մեջ ընկնեն:
Բերում, հավաքում, իրար դեմ եք հանում մարդկանց, ովքեր առանց ժամանակ ունենալու ծանոթանալ միմյանց հետ, հասկանալու, թե ով է դիմացինը, սկսում են իրար հակառակվել: Բնական է, ձեզ պետք է, որ թամաշայնության աստիճանը բարձր լինի, ռեյԾինգի հարց եք լուծում, ձեզ չի հետաքրքրում, որ հետո այդ մարդիկ իրար երեսի պիտի նայեն: Ես այս ամենը չէի գրի, եթե հերթական բանավեճից հետո այն հարցին, թե ինձ ճանաչո՞ւմ էիք, որ էդպես կոշտ դիրքորոշում ունեք, Ստամբոլցյանը չասեր էլյայի գիտությունը չե՞ս ներկայացնում, էդ հերիք է…
Այսինքն ո՞նց, փաստորեն, եթե Էլյան չի կարողանում իր մտքերը մատչելի ներկայացնել, իսկ դուք ինֆորմացիան եսիմինչի վերածած մատուցում եք մարդկանց, կամ ռունաներով մանիպուլյացիաներ անողն ասում է, թե ինքն աստղաբան է, խոսքը համեմելով տարատեսակ մոգական անհասկանալի տերմիններով, ես ամաչե՞մ աստղաբան բառն օգտագործել:
Մի տենդենց էլ կա, որին ուզում եմ անդրադառնալ: Մեր հոգևորականներն այնպես հետևողականորեն են ներկայացնում, թե աստղաբանությունը շատ վատ բան է, որ անգամ այն գիտնականները, որ նախկինում աթեիստական տրամադրություն են ունեցել, հիմա սկսել են Աստծո անունը տալ, միայն թե չքարկոծվեն: Էնպես չի, որ գլուխս քոր է գալիս, կամ էլ հավես ունեմ դավանաբանական բանավեճերի, ուղղակի ուզում եմ մի բան ասել: Մասնագիտությունները ներկայացնում են մարդիկ: Դեմ չեմ, մարդկանց մեջ լավն էլ կա, վատն էլ, մասնագիտական որակավորումը կարող է լինել բարձր կամ ցածր: Բայց ինձ համար միշտ եղել է անընդունելի որևէ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին նույն կերպ վերաբերվելը: Կողմնակից եմ միշտ սթափ դատել, օրինակ, եթե կա կաշառակեր, անգրագետ բժիշկ, որի սխալի հետևանքը հողը կթաքցնի, դա դեռ չի նշանակում, որ լավ ու սրտացավ բժիշկները վերացել են աշխարհի երեսից: Կամ, եթե կա ստանդարտ մտածող սարկավագ, որ գալիս է ինձ քարոզելու, բայց հենց հասկանում է, որ ավելին գիտեմ, քան պատկերացնում էր, առանց հետս զրույցը շարունակելու, անհետանում է, ապա դա չի նշանակում, որ չկա իսկական, լուրջ, մեծ խոնարհման արժանի հոգևորական: Կան, շատ կան, ու ես իրենց հարգում, հարցերով դիմում, խորհուրդ եմ խնդրում: Խնդրում եմ, բոլորիդ եմ դիմում, բարեխիղճ եղեք: Եթե լավություն չեք կարող անել, գոնե վատություն մի արեք մեզ: Ի վերջո այդ լուրջ գործիքը՝ լրատվական դաշտի ներկայացուցիչ լինելը, կարելի է և պետք է կառուցողական օգտագործել: