PanARMENIAN.Net-ը գրում է.
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Յուրա Մովսիսյանը կարիերան կարող է շարունակել Անգլիայում: 28-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրել է անգլիական Չեմփիոնշիփի մասնակից Լոնդոնի «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ին:
Մովսիսյանը մտադիր էր վերադառնալ «Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբ, որի կազմում հանդես էլ գալիս մինչև Եվրոպա տեղափոխվելը, սակայն առավել հեռանկարային տարբերակ ի հայտ եկավ Անգլիայի հետ կապված: Ըստ անգլիական մամուլի, «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի ղեկավարությունը Մովսիսյանին տեսնում է Չարլի Օսթինի փոխարինողի դերում, որը ձմռանը, հավանաբար, կհեռանա թիմից: Յուրա Մովսիսյանը մշտապես մասնակցում է Հայաստանի հավաքականի խաղերին, ուստի խնդիրներ չի ունենա բրիտանական աշխատանքային մուտքի արտոնագիր ստանալու հարցում, գրում է Vesti.ru-ն:
«Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ը կարող է Մովսիսյանի համար 2,5 մլն եվրո վճարել «Սպարտակին»: Ժամանակին «Սպարտակը» 2 միլիոն էր վճարել «Կրասնոդարին» Մովսիսյանի համար: Այժմ «Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ը 15-րդն է անգլիական Չեմփիոնշիփում:
Նոյեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը կարող է տեղափոխվել ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»: «Սպարտակը», հայտարարել է, որ Մովսիսյանը կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Մովսիսյանը խաղացել է «Ռեալ Սոլթ Լեյք»-ում 2007-2009 թթ.:
«Սպարտակի» հետ Մովսիսյանի գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2017-ի ամռանը: Այս խաղաշրջանում նա 10 խաղի է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: