Նստած Ամիրյան փողոցի իմ սիրելի սրճարանում՝ սպասում եմ քո սիլուետին, սպասում եմ քո ոտնաձայներին, սպասում եմ քո քայլվածքի նման մեկին, որ ինքս ինձ ներշնչեմ, թե ուր որ է կբացվի սրճարանի ապակե դուռն ու ներս կմտնես դու՝ մթագնած դեմքով, ինչպես եղանակը, սակայն դու չկաս: Նայում եմ ապակե ցուցափեղկի արանքով դեպի դուրս, նայում եմ ինչ-որ անհասկանալիորեն շտապող, անիմանալի ինչ-որ տեղ գնացող մարդկանց ու բոլորի հայացքների մեջ փնտրում քոնը: Նայում եմ ձյան տակ արագ-արագ քայլող մոլորված հայացքներով, մոլորված ոտնաշարժումներով, մոլորված աչքերով, մոլորված մարդկանց ու անհագ ծարավ զգում երջանկության, քո շնչառության բացակայության: Կանաչ թեյը շարունակում է եռալ բաժակում՝ այրելով ափերս, որոնք սովորության համաձայն պարուրել են բաժակի  էմալը, ու ինչքան այրվում է մաշկս, այնքան ավելի եմ բաժակի տաքացած  էմալին սեղմում ափերս, որ գոնե համատարած մարմնական ցավի մեջ մոռանամ քո առկայությունն ու բացակայությունը: նայում եմ ապակե ցուցափեղկից դուրս ու որսում անցնողների նախանձկոտ հայացքը ձգված ինձ, ապա ապակու մեջ տեսնում եմ իմ հայացքը` գայթակղիչ ու սպասողական, աչքերս՝ ինչ-որ սկանդալի ծարավով պարուրված, ու հասկանում ինձ ուղղված հայացքների պատճառը: Նայում եմ ձյան շիթերին, որ պարուրում են անցորդներին ու մի ներքին հպարտություն զգում, որ նստած եմ հնաոճ ինտերյերով հագեցած այս սրճարանի անկյունում ու կարևոր չէ, որ դու չես գա, միևնույն է ես համառորեն կշարունակեմ սպասել քեզ ու այն պահին, երբ ձեռնոցների մեջ թաքնված եռացող մատներդ կդիպչեն դռան սառը բռնակներին, ապա բոլոր ուժերդ լարելով բազկիդ զորությամբ առլեցուն կհրես ապակե դուռն ու ներս կմտնես, կպտտես ինչ-որ բան փնտրող աչքերդ ու կգտնես փնտրտուքիդ առարկան, իսկ այդ առարկան կլինի  կանաչ թեյի տաք բաժակը միայն ու ոչ ավելին: Ուզում եմ հրել մարմինս, կանգնել ոտքի, դեն նետել թեյի բաժակը, հագնել մինչև ծնկներս հասնող վերարկուս, գլխիս դնել գլխարկս, հագնել կաշվե ձեռնոցներս ու վերարկուիս օձիքը բարձրացնելով մինչև ականջներս` անհապաղ հեռանալ այս սրճարանից ու նաև իմ հիշողություններից, սակայն ոտքերս համառորեն չեն ենթարկվում, թեյը շարունակում է եռալ բաժակում, չնայած այն բանին, որ ես արդեն երկու ժամ է, ինչ ըմբոշխնում եմ թեյի փոքրիկ բաժակը: Բայց այդուհանդերձ մարմինս կամակոր ճռռոցով վերստին գամում է ինձ աթոռին, սեղմում հետույքս աթոռին այնպես որ տախտակը սկսում է ձանձրացած ճռռոցով բացատրել որ հոգնել է արդեն, Արմունկներս դարձյալ հենել եմ սեղանին իսկ ափերս բռունցքած սեղմել ճակատիս որ ոչ ոք չնկատի աչքերիցս անհագորեն ծորող արցունքի կաթիլները: Ես շարունակում եմ համառորեն սպասել քո ներխուժմանը բայց դու չկաս ու նույն համառությամբ շարունակում ես ուշանալ: Բոլորն արդեն հեռացել են սրճարանից, ու միայն ես եմ, որ շարունակում եմ սպասել քեզ, բայց ոչ միայն` ես իմ հարևանությամբ սեղանին նստած է գեղեցկադեմ մի  պատանի, պարման, ով նույն այդ սպասող հայացքով տենչում է մեկին, ով սակայն չի ուշանում, նա զարմանալիորեն շտապում է, բայց նրա շարժումների մեջ չկան այն ջղաձգումները, որոնք պատահում են միայն հանդիպումից ուշացող մեկին սպասելիս: Փողոցում վաղուց արդեն լռել են, մեքենաները  դադարել են շտապել, տների տանիքներից դեպի երկինք ձգված երդիկներից բարձրանում են միայն հանգած կրակի ծխի թանձր շերտեր:  Իսկ դիմացիս հագուստի խանութի դռները այսօր վերջին անգամ են փակվում, ապա մարում են նաև հարևան խանութի ցուցափեղկի լույսերն ու գովազդային վահանակը, որ Ամիրյան փողոցի վրա այսօր վերջինն էր` «Ռիվեր Այլնդ»: Իսկ դու, այդուհանդերձ, չկաս, մատուցուղուհին ջղաձիգ հայացքով նայում էր մեզ՝ ասես հիշեցնելով, որ վաղուց արդեն ժամանակն է սրճարանը լքելու, նրա աչքերը փորձում էին հուշել, որ նա դեռ տուն պիտի գնա, ու որ իր երեխաները սպասում են, որովհետև այսօր նա իր հետ տուն է տանելու մանդարինով լի տոպրակը, բայց արգելված է դիպչել տոպրակի բռնակներին անգամ` դրանք ԱՄԱՆՈՐՅԱ  են: Թեյնիկը վաղուց արդեն դադարել է եռալ, բայց իմ ախորժակը դեռ շարունակում է բռունցքով հարվածել փորիս ու պահանջել թեյի հերթական գավաթը: Դիմացիս պատանին վաղուց արդեն հեռացել է, իսկ ես շարունակում եմ համառորեն սպասել քեզ՝ վստահ լինելով, որ դու չես գա… Հուսահատված ես կանգնեցի, ուսերիս գցեցի վերարկուս, գրպանս տեղավորեցի ձեռնոցներս, անձրևանոցիցս կախեցի գլխարկս, որովհետև ոչ ոք չկար, որ թաքնվեի ու այն է պիտի լքեի սրճարանը, երբ նկատեցի այն պատանուն, ով իր ներկայությամբ ինձ  շարունակում էր հուսադրել, թե դու դեռ կժամանես, «նրա հետ ինչ-որ մեկի ծանոթ ոտնահետքերն էին, ծանոթ շարժումները անընդհատ ժամացույցին նայելու այդ ժեստը, ու դա ԴՈՒ էիր»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել