«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ 08-12-2012 համար 220ում լոյս տեսաւ մի հարցազրոյց Միքայէլ Արք. Աջապահեանի հետ, որտեղ Սրբազան Հայրը իր մտահոգութիւնն է արտայայտում Հայ Երուսաղէմի եւ գալիք պատրիարքական ընտրութիւնների մասին։
Որպէս Սրբոց Հրեշտակապետաց Վանքի Տեսուչ եւ հոգեւոր հովիւ սաղիմահայերի հարկ համարեցի անդրադառնալ Սրբազան Հօր արտայայտած այն մտքին, թէ Երուսաղէմում հայկական համայնք չի եղել մինչեւ Մեծ Եղեռն, այլ ձեւաւորուել է դրանից յետոյ.
«Ուրեմն, սա կարեւորագույնն է, որովհետեւ այնտեղ համայնքային կյանք չի եղել, այնտեղ հայ համայնք չի եղել: Համայնքը որպես այդպիսին ձեւավորվել է Եղեռնից հետո, այն էլ անցած տարիների այս պատերազմների պաճառով զգալիորեն պակասել է: Այնպես որ, Երուսաղեմի պատրիարքության առաքելությունը համայնքային չէ` ինչպես ուրիշ տեղերում, որտեղ եկեղեցու առաքելությունը հայապահպանությունն է, համայնքն է: Երուսաղեմը տարբերվում է այդ իմաստով: Այնտեղ իրավունքների պահպանությունն է, ու եթե նույնիսկ այնտեղ մեկ հայ իսկ չմնա, աշխարհական իմաստով, այնտեղ պետք է Երուսաղեմի պատրիարքությունը մնա` իբրեւ այդ սրբատեղիների պահապան եւ իրավատեր»: (բառացի մէջբերում հարցազրոյցից)...
http://azg.am/AM/print/2012120813
Ինչպէս գիտենք պատմական աղբիւրներից հայերի ներկայութիւնը, որպէս քրիստոնեաներ Սուրբ Երկրում յիշատակւում է 250 թուերից։ Եօթերորդ դարում ունեցել ենք 72 վանք եւ եկեղեցի։ Պատմութիւնը միշտ յիշել է դէպի Երուսաղէմ հայ ուխտաւորների եւ վաճառականների հոսքի մասին, որոնք դարերի ընթացքում եկել եւ հաստատուել են Երուսաղէմում աւելի ընդլայնելով մեր իրաւունքները եւ շատ կարեւոր տարածքներ գնելով եւ զբաղեցնելով Սուրբ Յակոբ Եկեղեցու եւ Վանքի շուրջ։ Ընթացքում ձեւաւորուել է «Հայոց Թաղ»ը, որ Հին Քաղաքի չորս թաղերից մէկն է մինչեւ այսօր։ Ինչպէս նաեւ հաստատուել են Բեթղեհէմի, Եաֆայի եւ Ռամլէի շուրջ։ Վերջինս, ինչպէս Երուսաղէմում, մինչ օրս ունի Հայոց Թաղ։
Հայոց պատրիարքութիւնը ոչ միայն զբաղուել է Սուրբ Տեղեաց հարցերով այլ նաեւ իր ժողովրդի հոգեւոր եւ կենցաղային հարցերով։ Այդ պատճառով էլ վանքերի տեսուչները եղել են նաեւ հոգեւոր հովիւներ։ Ապրում են համայնքային կեանքով ցայսօր։ Կատարւում է տարին երկու անցամ տուն օրհնէք, հիւանդների այցելութիւն։ Ունեցել են եւ ունեն երգչախմբեր, համայնքների միջից ձեռնադրուել են դպիրներ եւ սարկաւագներ։
Պատրիարքարանի հովանիին տակ Հայ Երուսաղէմը XIX դ. հիմնել է Պաղեստինի աղջկանց առաջին վարժարանը՝ Գայիանեաց Վարժարան, լուսանկարչական վարժարան, տպարան եւ այլ հաստատութիւններ։ Ունեցել ենք եւ ունենք գերեզմանատներ։
Գալով Երուսաղէմին ասենք, որ Սուրբ Հրեշտակապետաց Վանքը իր եկեղեցիով եղած է տեղացի ժողովրդին՝ ՔԱՂԱՔԱՑԻներին պատկանող եկեղեցի, ուր մինչեւ այսօր կը կատարուեն պատարագներ, պսակներ, թաղումներ, մկրտութիւններ, որովհետեւ Սուրբ Յակոբ եկեղեցին միշտ զբաղուած է եղել ուխտաւորներով։ Ունեցել են իրենց տեսուչը, այսինքն տեղացի ժողովրդի հոգեւոր հովիւը։
Մեծ Եղեռնից յետոյ Երուսաղէմ հասած որբերով բազմանում է հայութեան թիւը Սուրբ Երկրում։ Բացի Պատրիարքարանից համայնքն էլ օգնել է որբերին՝ որդեգրելով, արհեստներ սովորացնելով. նոյնիսկ որբերի համար իրենց կողմից ակումբ բացելով՝ Երուսաղէմի Հայոց Բարեսիրական Միութիւն։ Մինչեւ այսօր գործում է եւ մնացել է այն գեղեցիկ սովորութիւնը որպէս տեղացի ժողովուրդ Նոր Տարիին նուէրներ բաժանել առանց խտրականուփեան բոլոր հայ երեխաներին։
Կարեւոր է նշել, որ Քաղաքացիները եղել են շատ զարգացած եւ տարբեր իշխանութիւնների ժամանակ ունեցել են կարեւոր պաշտօններ կառավարութեան մէջ։ Ինչպէս նաեւ դարերէ ի վեր Քաղաքացիների ընտանեկան շառաւիղներից է, որ Զատիկի Լոյսը ստանում են մեր լուսահանից եւ բաժանում ժողովրդին։
Համայնքային կեանքը միշտ էլ կարեւոր եղած է Սուրբ Քաղաքում, որովհետեւ Պատրիարքութեան կողքին Քաղաքացի ժողովուրդը ունեցել է իրենց մեծ դերը։Պատրիարքութիւնը նկատի առնելով XX դ. քաղաքական անկայուն վիճակը, կարեւորելով համայնքային կեանքը եւ նրա պահպանումը, արտօնել է երկու միութիւնների գործունէութիւնը վանքի ներսում։ Աղջկանց վարժարանը դարձընելով երկսեռ վարժարան, նաեւ Հայֆայի համայնքին համար կառուցելով եկեղեցի եւ նշանակելով հոգեւոր հովիւ։
Հայ Երուսաղէմը դարերի ընթացքում եղել է եւ կը մնայ ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԷՄ է իր հոգեւորականներով եւ ժողովուրդով, իր Պատրիարքութեամբ եւ իր ՀԱՅՈՑ ԹԱՂՈՎ (Armenian Quarter)։
Ղեւոնդ Վրդ. Յովհաննիսեան
Տեսուչ Սբ. Հրեշտակապետաց Վանքի
եւ Հոգեւոր Հովիւ Սաղիմահայութեան
13/12/12
Յ.Գ. Հայ Երուսաղէմի մասին խօսելու համար պէտք է լաւ ուսումնասիրել Հայ Երուսաղէմի պատմութիւնը... Այդ շատ նուրբ հարց է...
Նյութի աղբյուր՝ http://fr-ghevond.livejournal.com/171530.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել