Ֆրանսիական անկյուն Երևանի կենտրոնում. «Avenue 37» բարեգործական սրճարանն արդեն գործում է Մաշտոցի 37 հասցեում (Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկում): Գեղեցիկ ինտերիեր, մատուցման հետաքրքիր ոճ, համեղ խոհանոց, մատչելի գներ և բարեգործություն. այսպիսով՝ BlogNews-ի նոր նախաձեռնության շնորհիվ Երևանի կենտրոնում գործելու է «Avenue 37» սրճարանը, որի ամբողջ շահույթն ու թեյավճարներն ուղղվելու են անապահով ընտանիքների համար Ավանում գործող բարեգործական ճաշարանին:

Նախագծի գաղափարի հեղինակ Արամ Անտինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սրճարանում ամեն բան արել են սեփական ձեռքերով: «Ես և եղբայրս՝ Կարեն Անտինյանը, ամեն ինչ մեր ճաշակով ենք պատրաստել: Դիզայներների չենք դիմել, սակայն պրոֆեսիոնալ դիզայներները հավանեցին ինտերիերը:
Երբ մի բան անում ես սիրով, վերջում լավ է ստացվում, մենք իսկապես սիրով ենք նվիրվել այս գաղափարին ու արդյունքն այլ կերպ լինել չէր կարող։»,- նշեց նա: Ի դեպ, դիզայներների մասին. բացմանը հյուրընկալված ոճաբան Դիանա Շատվերյանը խոստացավ, որ այսուհետև հաճախ ընդմիջում կանի «Avenue 37»-ում:)
Արամը նշեց, որ արդեն մի քանի տարի է, ինչ BlogNews-ը զբաղվում է բարեգործությամբ: Արդյունքում՝ «Դու միայնակ չես» նախագծի շնորհիվ օգնություն է ցուցաբերվել ավելի քան 1500 ընտանիքի, իսկ երեկ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի» օժանդակությամբ կյանքի կոչվեց BlogNews-ի ամենամեծ բարեգործական նախագիծը, որը հավակնում է ամեն օր սնունդ տալ մինչև մի քանի հարյուր մարդու։

Սրճարանի ամբողջ շահույթն ուղղվելու է Ավանում գործող ճաշարանին, զուգահեռ՝ այցելուներին հնարավորություն է տրվելու անել սեփական հանգանակությունը: Սրճարանում չի գործելու ավանդական թեյավճար, այն գումարը, որը մարդիկ կթողնեն որպես թեյավճար, կտրամադրվի ճաշարանին: Անապահովների համար մեկ ճաշի գումարը 500 դրամ է, սակայն այցելուներն ազատ են թողնել այնքան գումար, որքան իրենք են կամենում՝ 300, 500, 1000, 3000…: Արամ Անտինյանը շեշտեց, որ հաճախորդներին չեն պարտավորեցնում թեյավճարներ թողնել, դա ցանկության հարց է, քանի որ այցելելով «Avenue 37» և ապահովելով սրճարանի շահույթը՝ մարդիկ արդեն բարի գործ են անում:
Նրանք, ովքեր թեյավճար կթողնեն, ցանկության դեպքում կարող են նշել իրենց անունը, և էկրանին կերևա, թե ով էր արել հանգանակությունը: Նրա բոլոր հանգանակությունները կկուտակվեն իր հաշվին, և ամսվա վերջում կերևա, թե ով որքան գումար է հանգանակել ամսվա կտրվածքով: Եթե հաճախորդը չցանկանա, կարող է չնշել իր անունը:

Սրճարանի տնօրեն Արամ Անտինյանը նշեց, որ «Avenue 37»-ի բացումը երկու նպատակ ունի՝ անմիջական օգնություն ցույց տալ անապահովներին և ստեղծել մի տեղ, ուր կգան բարի, դրական, պայծառ մտքերով մարդիկ. «Հետաքրքիր զրույցների, մտքերի փոխանակման արդյունքում կծնվի նոր լավ գաղափար, որի մասին ապագայում խոսելու հնարավորություն կունենանք»:
Անդրադառնալով «Դու միայնակ չես» ճաշարանների ցանցին, որոնցից առայժմ գործում է միայն մեկը՝ Ավանում, Արամն ասաց, որ ճաշարանի նախագիծն իրականացնում են «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության հետ, որի հետ էլ մանրակրկիտ ընտրել են բոլոր այն ընտանիքներին, որոնք իսկապես առավել կարիքավոր են՝ հաշմանդամներ, ծերեր, մարդիկ, ովքեր իսկապես զրկված են գոյատևման միջոցներից: «Սկսելու ենք 50 հոգուց, որոնց ճաշ ենք տալու շաբաթական 5 օր: Նախատեսում ենք, որ թիվը կաճի մինչև մի քանի հարյուր հոգի: Դա արդեն կախված է հաճախորդների ակտիվությունից. որքան շատ լինեն հանգանակությունները, այնքան կընդլայնվի «Դու միայնակ չես» բարեգործական ճաշարանների ցանցը»,- ասաց նա ու հավելեց, որ ճաշարանում մատուցվելու է բացառապես որակյալ սնունդ: «Ես անձամբ եմ հետևում, որ թե՛ գնումները, թե՛ պատրաստումը լինեն բարձր մակարդակի: Այստեղ սնունդը շատ ավելի որակյալ է լինելու, քան Երևանի տարբեր սրճարաններում: Մենք գրամներով հաշվարկել ենք, թե օրական քանի կալորիա է պետք մարդուն՝ առողջ լինելու համար, ու ճաշարաններում մատուցվելու է այդ կալորիականությամբ սնունդ: Միջավայրն էլ այնպես ենք ստեղծել, որ ճաշարանային չլինի. մեր ճաշարանն իր տեսքով ավելի նման է սրճարանի»,- եզրափակեց Արամ Անտինյանը:
Սրճարանի տնօրինության հետ կապ հաստատելու համար զանգահարեք 094-041613 հեռախոսահամարով։



Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



