Nokia-ն մտադիր է թողարկել պլանշետային համակարգիչ աշխատող Windows 8 օպերացիոն համակարգով։ Այս մասին հայտնում է DigiTimes-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին։ 
Ըստ խմբագրության՝ Nokia պլանշետն ունենալու է 10 դյույմ էկրան և երկմիջուկային ARM պրոցեսոր։ 

Պլանշետային համակարգչի արտադրողն է լինելու Compal Electronics ընկերությունը։ Սարքի առաջին խմբաքանակը արտադրվելու է 200 000 օրինակով։ Թե երբ է թողարկվելու պլանշետը, աղբյուրները չեն նշում։ Ըստ հավանականության, Nokia պլանշետի շնորհանդեսը չի կայանա 2012 թվականի դեկտեմբեր ամսից շուտ, ինչը համընկնում է Microsoft ընկերության Windows 8 օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման ամսաթվի հետ։ 

Նշենք, որ 2011-2012 թթ-ին ընկերության մի շարք ներկայացուցիչներ արդեն նշել էին, որ Nokia-ն հետաքրքրված է պլանշետների շուկայով։ Microsoft ընկերությունը 2011-ին Nokia-ի հետ համագործակցության պայմանագիր կնքեց, ըստ որի, Nokia սմարթֆոնների հիմնական օպերացիոն համակարգը լինելու է Windows Phone 7-ը։ Սրանից էլ կարելի է ենթադրել, որ Nokia-ն կրկին կընտրի Microsoft-ին իր պլանշետի ՕՀ-ի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել