Մի հետաքրքիր կիքս էլ եմ նկատել նոր սահմանադրության քարոզիչների ճառերում, որը նրանք կրկնում են բոլոր բնակավայրերում, որոնք այցելելու են «Այո և Ոչ» նախագծի շրջանակներում։
Մարգարիտ Եսայանն ու իր կոլեգաները հավաստիացնում են, որ նոր սահմանադրությունն ավելի լայն հնարավորություններ է ընձեռելու ժողովրդի բարեկեցությունն ապահովելու ու դրան նպաստելու համար, մինչդեռ նոր սահմանադրությունը բացառիկ նորարարություններ է պարունակում, որոնք բառիս բուն իմաստով պետության վրայից հանում են գրեթե բոլոր սոցիալական պարտականությունները՝ ազգաբնակչության բարեկեցությունն ապահովելու նպատակով։
Այ շատ կուզենայի, որ Երևանում էլ այս շոուն իրականացվեր, կամ էլ մարզերում լինեին բնակիչներ, ովքեր լավ են ուսումնասիրել այս պատուհասն ու գիտեն դրա առանձնահատկությունները, և ամեն անգամ, երբ Մարգարիտ Եսայանն ու իր կոլեգաները սկսում են պատմել, թե ինչ բարեկեցություն է մեզ խոստանում նոր սահմանադրությունը, բերաններին գային ու բացատրեին, թե այդ ինչպես է իրենց ասածը որևէ կերպ առնչվում ճշմարտության հետ, եթե նոր սահմանադրությամբ պետությունը դադարում է պատասխանատու լինել պարտադիր նախնական կրթություն տալու, բնակչության սոցիալական խնդիրներին աջակցելու և շատ այլ բաների համար, որոնց համար հիմա էլ առանձնապես պատասխան չեն տալիս, բայց որոնք ԳՈՆԵ ամրագրված են գործող սահմանադրությունում։
Այլ կերպ ասած, եթե մենք ունենք իշխանություններ, որոնք անգամ սահմանադրությամբ ամրագրված պարտականություններն առանձնապես չեն կատարում, հանուն ինչի՞ և որ առավել կարևոր է՝ ինչպե՞ս պետք է կատարեն ինչ-որ բաներ, որոնք պարտավոր էլ չեն անելու՝ համաձայն նոր սահմանադրության։