...Տաքսու վարորդն անձի մի տեսակ է, որն ամբողջ օրվա ընթացքում մեքենա է վարում քաղաքային խցանումների պայմաններում. մի գործունեություն, որն այլ մարդկային վարորդների հետ ընդհարումների պատճառով հանգեցնում է կամ սրտի կաթվածի, կամ նյարդային զառանցանքների։
Նա ի սկզբանե նյարդային է և ատում է մարդակերպ ցանկացած էակի։
...Նա ատում է քաղաքային ցույցերը, բայց ոչ նրանց բնույթի պատճառով, այլ որովհետև դրանք խոչընդոտում են երթևեկությանը։
[Նա] ...պահանջում է միայն հզոր կառավարություն, որը կգնդակահարի բոլոր մասնավոր տաքսու վարորդներին և կսահմանի խելքին մոտ պարետային ժամ՝ առավոտյան 6-ից մինչև կեսգիշեր։
Կնատյաց է, բայց միայն տանից դուրս եկող կանանց դեպքում։ Նրանց, ովքեր տանն են մնում և մակարոն են պատրաստում, մի կերպ հանդուրժում է։
...Ուր էլ որ լինես, տաքսիստին ճանաչելու մեկ անսխալ միջոց կա. դա այն մարդն է, ով երբեք մանր չունի։
Ումբերտո Էկո. «Ինչպես գործ ունենալ տաքսու վարորդի հետ»
Թարգմանությունը՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանի
Գրանիշ, 2013, թիվ 3