Օրեր առաջ ՀՀ տարածքի զգալի մասում, հատկապես նախալեռնային շրջաններում բավականին ուժեղ ճնշմամբ քամիների պատճառով լուրջ ավերածություններ էին տեղի ունեցել՝ ազգաբնակչությանը հասցնելով նկատելի վնասներ: Մի քանի օր առաջ տեղի ունեցած ավերածությունների մանրամասներին տեղում ծանոթանալու համար գործադիրի ղեկավարն այցելել էր Արագածոտնի մարզ:
Վարչապետ Աբրահամյանը եղել էր Ապարանում, ինչպես նաև մարզի մի քանի համայնքներում և անձամբ բնակիչների հետ հանդիպումներում տեղեկացել իրավիճակին:
Նոյեմբերի 19-ին տեղի ունեցած Կառավարության նիստում որոշում է ընդունվել, որ քամիների հետևանքով համայնքներին հասցված վնասները վերացնելու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը կառավարության պահեստային ֆոնդից կտրամադրվի 902 մլն 448 հազ դրամ: Վարչապետն իր խոսքում նկատել է, որ պետք է թույլ տրվի շինարարությունն իրականացնել մեկ աղբյուրի միջոցով, քանի որ մրցույթ հայտարարելու դեպքում այն կտևի երկու ամիս. «Դա անիմաստ կլինի, քանի որ ինքս ականատես եմ եղել Արագածոտնի մարզում դպրոցների, բնակելի շենքերի, որոնց տանիքները լիովին չկան»: Կարելի է փաստել, որ նման արագ արձագանքն իրական փրկություն էր ձմռան շեմի կանգնած ազգաբնակչության համար: