Օսկար Ուայլդ և Լորդ Ալֆրեդ Դուգլաս
1891թ.-ին Օսկար Ուայլդը (1854-1900թթ) հանդիպեց Օքսֆորդի 21-ամյա ուսանող պոետ Լորդ Ալֆրեդ Դուգլասին (1870-1945թթ), ով շուտով դարձավ նրա սիրեկանը: Ուայլդից 16 տարով երիտասարդ Դուգլասն իսկական ներշնչանքի աղբյուր էր գրողի համար, այդ թվում՝ նրա «Դորիան Գրեյի դիմանկարը» գրքի համար: Սակայն Դուգլասի հայրը, ով դեմ էր նրանց շփմանը, Ուայլդի դեմ արշավ սկսեց, որն անուղղակիորեն հանգեցրեց նրա ձերբակալմանը, որի արդյունքում նա 2 տարի ազատազրկվեց: Բանտից ազատվելուց հետո սիրեկանները կրկին միավորվեցին, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց: Նրանց ընտանիքները ստիպեցին նրանց բաժանվել՝ սպառնալով չօժանդակել նրանց գումարով:
Միքելանջելո և Տոմասո դե Կավալիերի
1523թ.-ին հանճարն, ով ստեղծել է արվեստի պատմության ամենագեղեցիկ աշխատանքները, սիրահարվեց երիտասարդ ազնվական Տոմասո դե Կավալիերիին (1509-1587թթ), ում նվիրեց իր բանաստեղծությունների մեծ մասը: Հաշվի առնելով միմյանց գրված նամակները՝ կարելի է ասել, որ նրանց միջև սերը փոխադարձ էր: Ինչևէ, 1548թ.-ին Կավալիերին ամուսնացավ, սակայն մինչև իր կյանքի վերջ նա մոտ էր արտիստին: Պետք է նշել սակայն, որ դեռևս անհայտ է, արդյոք Միքելանջելոն (1475-1564թթ) և Կավալիերին երբևէ ֆիզիկական կապ ունեցել են, թե՝ ոչ:
Էլեոնորա Ռուզվելտ և Լորենա Հիկոկ
Էլեոնորա Ռուզվելտը (1884-1962)՝ Միացյալ Նահանգների ամենաերկար ծառայող ու ազդեցիկ առաջին տիկինն ու լրագրող Լորենա Հիկոկն (1893-1968) առաջին անգամ հանդիպեցին 1928թ.-ին: Շուտով նրանք համակրանք զգացին ու մի հարաբերություն սկսեցին, որը 30 տարի տևեց: Նրանք հանդիպել էին դեռ մինչև Ֆրանկլին Ռուզվելտի նախագահական ինագուրացիան, և Էլեոնորան արդեն կրում էր Հիկոկի նվիրած մատանին: Նրանց հարաբերություննները հակասությունների աղբյուր են դարձել, և նրանց նամակների մեծ մասն այրվել է, սակայն այն նամակները, որոնք պահպանվել են, հիմք են տալիս ենփադրելու, որ նրանք շատ ավելին էին, քան պարզապես լավ ընկերներ:
Գրետա Գարբո և Մերսեդես դե Ակոստա
Մերսեդես դե Ակոստան (1893-1968) հանդիպեց Գրետա Գարբոյին (1905-1990) իր ընկերոջ տանը 1931թ.-ին: Գարբոն հայտնի հոլիվուդյան դերասանուհի և խորհրդանիշ էր, իսկ Ակոստան՝ բանաստեղծուհի, դրամատուրգ, սցենարիստ և հայտնի լեսբուհի, ով պնդում էր, որ կարող է հասնել յուրաքանչյուր կնոջ, ում կցանկանա: Եվ իսկապես նրանք հարաբերություններ սկսեցին հանդիպումից կարճ ժամանակ անց: Սակայն նրանց հարաբերությունները կարճ տևեցին, որովհետև դերասանուհին հասկացավ, որ Ակոստան անհաջողություն է բերում իրեն, բացի այդ, նրան դուր չէր գալիս, որ Ակոստան իր միասեռականության մասին գրում էր օրագրերում, և որոշեց բառացիորեն մաքրել Ակոստային իր կյանքից: Երբ Ակոստան մահամերձ էր, ընկերոջ միջոցով խնդրել էր նամակ գրել իրեն, սակայն Գարբոն հրաժարվել էր որևէ կապ ունենալ իր նախկին սիրուհու հետ:
Սոմերսեթ Մոեմ և Ջերալդ Հաքսթոն
Սոմերսեթ Մոեմը (1874-1965)՝ քսաներորդ դարի ամենահաջողակ գրողներից մեկը, հանդիպեց Ջերալդ Հաքսթոնին (1892-1944) Առաջին աշխարհամարտի բռնկումից կարճ ժամանակ անց՝ 1914թ.-ին: Նրանք երկուսն էլ ծառայում էին Ֆրանսիայում Կարմիր խաչի բուժօգնության ստորաբաժանումում և շուտով սիրեկաններ դարձան: 1915թ.-ին, սակայն, Հաքսթոնին բռնացրեցին մեկ այլ տղամարդու հետ Լոնդոնում և արտաքսեցին Բրիտանիայից: Մոեմը մյուս կողմից ամուսնացավ Սիրի Ուելքոմի հետ 1917թ.-ին: Ինչևէ, նրանք շարունակեցին իրենց հարաբերությունները՝ ժամանակի մեծ մասն անցկացնելով Եվրոպայի տարածքում ճամփորդելով, մինչև որ վերջապես տեղափոխվեցին ֆրանսիական Ռիվերայում գտնվող Մոեմի գնած վիլլա:
Պյոտր Իլյիչ Չայկովսկիյ և Վլադիմիր Դավիդով
Վլադիմիր Դավիդովը (1871-1906) ոչ միայն Չայկովսկու (1840-1893) սիրեկանն էր, այլև զարմիկը: Բոբը, ինչպես հայտնի կոմպոզիտորն էր սիրում նրան կոչել, նրա երկրորդ քրոջ՝ Ալեքսանդրայի որդին էր: Չնայած Չայկովսկին, ի տարբերություն իր եղբոր, ով հայտնի համասեռամոլ էր, թաքցնում էր իր սեռական կողմորոշումը, նրա նամակներն՝ ուղղված Բոբին, կասկած չեն թողնում ո՛չ նրա միասեռական լինելու և ո՛չ էլ այն մասին, թե ինչ տեսակ կապի մեջ էր նա իր զարմիկի հետ: Մահվանից մի քանի օր առաջ Չայկովսկին ներկայացրեց իր վերջին ստեղծագործության պրեմիերան՝ «Վեցերորդ սիմֆոնիան», որը նա նվիրեց Բոբին: