Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008-ից պետական աջակցությամբ գործող բնակապահովման ծրագիրը շարունակվում է: Գործադիր մարմինն ընդհանուր առմամբ այս ծրագրին հատկացրել է 105 մլն. դրամ:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքները բնակարանների գնման վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերելու համար ֆինանսական աջակցություն կստանան:
Բացի դրանից, Լոռու և Շիրակի մարզերի գյուղական բնակավայրերում բնակարանային պայմանների բարելավման իրենց իրավունքը դատական կարգով վերականգնած և մեկ սենյակի շահառու ճանաչված համապատասխանաբար 11 և 2 ընտանիքները նույնպես ստանալու են դրամական աջակցություն:
Ընդհանուր առմամբ ծրագրի շահառու է ճանաչվել 5363 ընտանիք, որոնցից 4383-ի բնակարային խնդիրներն արդեն իսկ լուծում են ստացել: Մնացած 965-ն իրենց լուծումը կստանան մոտ ապագայում:
Նախատեսվում է նաև Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի 13 ընտանիքներին բնակարանային պայմանները բարելավելու համար յուրաքանչյուրին տրամադրել երեք միլիոն դրամ: