Լավ, ենթադրենք, թե ընդունում ենք այն, որ ինքնասպանությունների փաստը լուսաբանել պետք է, կամ էլ գոնե լրագրողների սիրած արտահայտությամբ ասենք՝ հանրությունն իրավունք ունի դրա մասին իմանալու։ Ե՜նթադրենք, թե այդպես է...
Արա, բայց սրանք արդեն բոլոր հնարավոր ու անհնար սահմաններն են անցնում։ Արդեն մի քանի օր է, ինչ երկրիդ ամենամեծ լրատվական ռեսուրսներից մեկը գրեթե օնլայն ռեժիմով լուսաբանում է մի աղջկա ինքնասպանություն, և լրագրողներն այն աստիճան են կորցրել ամոթը, որ արդեն հասել են նրան, որ այսօր էլ անդրադարձել են նրան, որ այդ աղջկա հոգեհանգստի արարողությանը ներկա չի եղել նրա նախկին նշանածը, ում հետ բաժանությունն էլ դարձել է ինքնասպանության պատճառը՝ ըստ նախնական վարկածի։
Լսեք, ա՛յ անխիղճներ, ինքնասպանությունն ինքնին ահավոր լուրջ թեմա է, ու դրա լուսաբանելու նպատակահարմարությունը մինչ օրս վիճարկվում է շատ մասնագետների կողմից, բայց երբ ինքնասպանությունը լուսաբանում եք, իսկ հետո արդեն սկսում եք երկար-բարակ պատմել դրան հանգեցրած պատճառի մասին (նշանածի հետ բաժանվելը), հետո ֆիքսվում եք էդ տղու վրա՝ հոգեհանգստին այցելել-չայցելել, մեղավոր զգալ-չզգալ և այլն, դա արդեն անամոթություն էլ չէ, դա լեշակերության պես մի բան է։
Հիմա եթե այդ տղան չդիմանա այսպիսի ճնշմանն ու ուշադրությանը և իրեն մի վնաս պատճառի, այ էդ հոդվածները գրող ու հրապարակող լրագրող-խմբագիրների մեջ ի՜նչ-որ բան կշարժվի՞։ Որքա՞ն կարելի է պղծել դաշտը, չեմ հասկանում։ Ինչպե՞ս կարելի է այսպիսի հետևողականությամբ նման ակնհայտ ուրագություն անել։ Զզվելի է արդեն։