Ռեյկյավիկում զուգահեռաբար ընթացող շախմատի տղամարդկանց և կանանց Եվրոպայի առաջնություններում երեկ հերթական՝ 5-րդ տուրում ՀՀ ընտրանիների գործերը հաջող չդասավորվեցին:
Ստուգատեսի գլխավոր ֆավորիտներից մեկը համարվող, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի չեմպիոն տղամարդկանց ՀՀ հավաքականը չկարողացավ հաղթել մրցաշարում միջին թիմային 23-րդ վարկանիշն ունեցող ու Ֆաբիանո Կարուանայի ԱՄՆ-ի հավաքական տեղափոխվելուց հետո զգալիորեն թուլացած ու բավական համեստ Իտալիայի ընտրանուն:
Հերթական անգամ անհաջող խաղաց այս անգամ 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Սերգեյ Մովսիսյանը, ով սևերով տանուլ տվեց իրեն անհատական ընթացիկ վարկանիշով 104 կետով զիջող 26-ամյա գրոսմայստեր Սաբինո Բրունելոյին: Սա առաջնությունում մեր 37-ամյա բազմափորձ գրոսմայստերի կրած երկրորդ անընդմեջ պարտությունն էր: Նա մինչ այդ՝ 3-րդ տուրում էլ զիջել էր նորվեգացի 16-ամյա միջազգային վարպետ Թարի Արյանին:
Ստուգատեսի նորեկ՝ 2015թ ՀՀ չեմպիոն Կարեն Հ. Գրիգորյանը 4-րդ խաղատախտակի վրա սևերով միավոր կիսեց գրոսմայստեր Միշել Գոդենային, իսկ 3-րդ խաղատախատակի վրա էլ կայուն մրցելույթներով առանձնացող Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Դանյիլ Դվիմիի հետ:
ՀՀ հավաքականին պարտությունից փրկեց մեր ընտրանու առաջատար Լևոն Արոնյանը, ով սպիտակներով առավելության հասավ գրոսմայստեր Դանիել Վակտուրոյի նկատմամբ ու մրցամարտում հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:
5-րդ տուրում Արշակ Պետրոսյանը Գաբրիել Սարգսյանին հանգստանալու հնարավորությունն էր ընձեռնել:
Այս տուրում Նորվերգիայի հավաքականը, որ առանձնակի լուրջ հավականություններ չունի մրցաշարում, 2,5:1,5 հաշվով հաղթեց Շվեյցարիայի ընտրանուն: Սակայն այստեղ էլ արտառոց միջադեպ գրանցվեց: Նորվեգիայի հավաքականի առաջատար՝ աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը, ով թիմային մարտիկի հատկանիշներով առանձնակի չի փայլում, 1-ին խաղատախտակի վրա սպիտակներով զիջեց իրեն անհատական ընթացիկ վարկանիշով շուրջ 300 կետով զիջող գրոսմայստեր Յանիկ Պելետյերին: Հատկանշական է, որ Կառլսենն առայժմ մասնակցել է իր թիմի միայն 3 հանդիպումներին ու դրանցում միայն կես միավոր է վաստակել: Նա այդ 3 հանդիպումներում գրացած 2 պարտության ու մեկ ոչ-ոքի շնորհիվ արդեն անհատական ընթացիկ վարկանիշի 18 կետով նվազեցում է ունեցել:
Տուրի մյուս կարևորագույն հանդիպումներում արձանագրվեցին այսպիսի արդյունքներ՝
Ռուսաստան-Ադրբեջան՝ 2:2,
Ուկրաինա-Հունգարիա՝ 2,5:1,5,
Ֆրանսիա-Իսպանիա՝ 3:1,
Գերմանիա-Անգլիա՝ 2,5:1,5,
Ֆինլանդիա- Լիտվա՝ 3,5:0,5,
Այս մրցամարտի միակ ոչ-ոքին խաղաց Ֆինլանդիայի հավաքականի 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկող միջազգային վարպետ Միքայել Հակոբովը, ով խաղաղ դաշն կնքեց լիտվացի միջազգային վարպետ Թոմաս Լաուրուսասի հետ:
Բելգիա-Շոտլանդիա՝ 2:2,
1-ին խաղատախտակի վրա Բելգիայի քառակի չեմպիոն, միջազգային վարպետ Մհեր Հովհաննիսյանը սևերով տանուլ տվեց ՖԻԴԵ-ի վարպետ Ալան Թաթին:
5 տուրից հետո թիմային 9 միավորով միանձյա առաջատար կրկին Ռուսաստանի հավաքականն է, որին 8-ական միավորով հաջորդում են Ֆրանսիայի, Ուկրաինայի և Վրաստանի ընտրանիները: ՀՀ հավաքականն առայժմ մնացել է ստվերում և թիմային՝ 6, անհատական՝ 12 միավորով 36 թիմերի պայքարում զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը:
Այսօր առաջնությունում հանգստյան օր է: Վաղը՝ նոյեմբերի 19-ին, տեղի ունենալիք 6-րդ տուրում Արշակ Պետոսրյանի սաները մրցելու են թիմային՝ 7, անհատական՝ 11 միավորով 7-րդ տեղում ընթացող Գերմանիայի ընտրանու հետ:
Կանանց ՀՀ հավաքականը, որը նախորդ տուրում 3:1 հաշվով փայլուն հաղթանակ էր տոնել Անգլիայի բավական ուժեղ ընտրանու նկատմամբ, երեկ անսպասելիորեն անհաջողության մատնվեց թիմային միջին 12-րդ վարկանիշն ունեցող Սերբիայի ընտրանու հետ մրցամարտում, ուր զիջեց 1:3 հաշվով: Մեր ընտրանու առաջատարները՝ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը, ոչ-ոքիներ խաղացին համապատաստախանբար գրոսմայստերներ Անժելա Ստոյանովիչի ու Յովանա Վոյնովիչի հետ, իսկ ահա Լիլիթ Գալոյանն ու 2015թ. ՀՀ չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը զիջեցին համապատասխանաբար գրոսմայստեր Իրինա Չելյուշկինային ու Ադելա Վելիկիչին:
Տուրի մյուս՝ առավել մեծ հետաքրքրություն ներկայացնող հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ՝
Ռուսաստան-Ֆրանսիա՝ 3:1,
2-րդ խաղատախտակի վրա Ֆրանսիայի 6-ակի չեմպիոնուհի Էլմիրա Սկրիպչենկո–Աղաբաբյանը սպիտակներով խաղաղ դաշն կնքեց Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի Կատերինա Լահնոյի հետ:
Ուկրաինա-Ռումինիա՝ 3:1,
Վրաստան-Լեհաստան՝ 2,5:1,5,
Գերմանիա-Հոլանդիա՝ 2,5:1,5,
4-րդ խաղատախտակի վրա մինչև 16 տարեկանների 2015թ. Եվրոպայի չեմպիոնուհի, 15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Աննա-Մայա Ղազարյանը միավորը կիսեց գերմանուհի, գրոսմայստեր Մելանի Օհմի հետ:
5 տուրի հետո առաջատարը թիմային 5 անընդմեջ հաղթանակ տարած ու թիմային 10 միավոր վաստակած Ռուսաստանի ընտրանին է, որն արդեն 2 միավորով առաջ է անցել 2-3-րդ տեղերում ընթացող Ուկրաինայի և Վրաստանի հավաքականներից:
ՀՀ ընտրանին թիմային՝ 5, անհատական՝ 9,5 միավորով 30 թիմերի պայքարում առայժմ հանգրվանել է 15-րդ հորիզոնականում:
Վաղը՝ նոյեմբերի 19-ին՝ Երևանի ժամանակով ժամը 19-ին սկսվող 6-րդ տուրում Արթուր Չիբուխչյանի սանուհիների մրցակիցը կլինի թիմային՝ 5, անհատական՝ 11 միավորով 13–րդ հորիզոնականը զբաղեցնող Իսպանիայի հավաքականը:
Հավելենք, որ մրցամարտերի պարտիաների ընթացքին կարող եք հետևել այստեղ՝
http://etcc2015.com/live-games/both-sections/:



