Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Խորհրդի 47 երկրներին կոչ է արել բարելավել հասարակության տեղեկացվածությունը սեքսուալ չարաշահումների և երեխաների սեքսուալ շահագործման մասին: Այս մասին ասվում է RIA Novosti-ում ստացված նրա հայտարարության մեջ:
Նոյեմբերի 18-ին Եվրախորհուրդը պատմության մեջ առաջին անգամ անցկացնում է Երեխաներին սեքսուալ չարաշահումներից ու շահագործումից պաշտպանության եվրոպական օր:
Դրա հետ կապված՝ Ստրասբուրգը չորեքշաբթի ներկայացրել է «Այդ մասին պատմիր նրան, ում վստահում ես» մուլտֆիլմը, որը ստեղծվել է հատուկ խնդրի կողմն ուշադրություն գրավելու համար: Ֆիլմում պատմվում է ընտանիքի ընկերոջ կողմից երեխաների բռնաբարության դեպքի մասին:
Ներկայացված մուլտֆիլմի մասին խոսելով՝ Յագլանդն ասել է, որ «հավանաբար, ինչ-որ մեկին կցնցի միտքը, որ այդ ֆիլմը կդիտեն փոքր տղաներն ու աղջիկները: Սեքսուալ չարաշահումները երեխաների հանդեպ եվրոպական շատ երկրներում դեռևս մնում են թեմա, որից խոսակցության ընթացքում նախընտրում են խուսափել»:
«Սակայն մեր լռությունը պաշտպանական պատ է կառուցում հանցագործների շուրջը»,- կարծում է նա: «Մենք պետք է քանդենք տաբուն, որով քողարկվում են մանկապիղծները: Օրինակ կարող են տալ կառավարությունները, որոնք կաջակցեն Եվրոպական օրվա միջոցառումներին»,- հավելել է Յագլանդը: