Իրոք որ հրաշալի ու աննախադեպ հաջող նախագիծ է «Այո և Ոչ»-ը, քանի որ հրաշալի իլյուստրացնում է այն անփառունակ կեցությունը, որում գտնվում է մեր ՈՂՋ քաղաքական դաշտը։ Իրոք հրաշք է, նայում-նայում ես ու չես կշտանում։ Առայժմ ամենահետաքրքիր դրվագներից մեկը Գյումրու հանդիպումն էր ու հատկապես՝ Ազատ դեմոկրատների ներկայացուցիչ Նարեկ Այվազյանի ու Սամվել Ֆարմանյանի բախումն էր։
Ծուռը նստենք ու դուզը խոսանք. Ֆարմանյանը կոնկրետ այդ դրվագում իրավացի է։ Հա, բոլորս էլ գիտենք, որ ինքը հանրապետական է, բոլորս էլ գիտենք, որ հանրապետականում լիքը թալանչիներ կան, բոլորս էլ գիտենք, որ նույն Ֆարմանյանը նաև դրանց շահերն է պաշտպանում, թեկուզ այն պարզ պատճառով, որ նույն թիմում է նրանց հետ։ Եղբայր, բայց արդյո՞ք դա նշանակում է, որ Ազատ դեմոկրատներն իրենց իրավունք ունեն որպես սուրբ ու անմեղ, մաքուր ձեռքերով ու էլեգանտ քաղաքական ջենթլմեններ ներկայացնելու։
Ու հենց դրա համար էլ ճիշտ է Ֆարմանյանը, երբ թալանչնիների մասին Այվազյանի բոցկլտուն ճառին անդրադառնում է այն անհարմար փաստով, որ Ազատ դեմոկրատների առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանն ինքը հանդիսանում է Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, ընդ որում, ինչպես Հայաստանի գրեթե ԲՈԼՈՐ հարուստները, ովքեր հարստացել են՝ Հայաստանում գործունեություն ծավալելով, ինքն էլ հաստատ մաքուր ձեռքերով չի կուտակել այդ միլիոնավոր դոլարները։
Այ հենց սա է մեր իրականության ամենամեծ դրաման։ Մեր խնդիրը նա չէ, որ գործող իշխանություններն են վատը։ Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ որքան էլ դրանք լինեն վատը, մենք դրա այլընտրանքը չունենք, պարզապես չունենք։ Ու շնորհակալություն «Այո և Ոչ»-ին, որ այսքան ակնառու ի ցույց է դնում մեր հասարակության այդ մեծ ողբերգությունը։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2015/11/video_18.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել