Արդի բժշկությունն առանց հակաբիոտիկների պատկերացնել այլևս անհնար է։ Այսօր հակաբիոտիկները գրավում են դեղագործական շուկայի մի մեծ սեգմենտ և, ըստ բժիշկների նշանակումների, զբաղեցնում են բավականին «բարձր հորիզոնականներ»։ Քանի որ այսօր Հակաբիոտիկների մասին իրազեկման համաեվրոպական օրն է, ուստի կփորձեմ ներկայացնել վերոհիշյալ դեղամիջոցների դրական և բացասական կողմերը՝ նպատակ ունենալով կանխել դրանց անհարկի ընդունումը և խուսափել հնարավոր բոլոր բացասական հետևանքներից։ Հակաբիոտիկների ստեղծումը փակեց բժշկության մութ էջերից մեկը, բազմաթիվ անբուժելի հիվանդություններ դարձան բուժելի, դեղագործությունը զարգացման նոր ընթացք ստացավ, սակայն ժամանակի ընթացքում սկսեցին խեղվել հակաբիոտիկների ցուցումները, և նրանց կիրառման վերահսկողությունը բավականին թուլացավ։ 
Այսօր ունենք հակաբիոտիկների անհարկի նշանակումներ ինչպես բժիշկների, այնպես էլ ինքնաբուժմամբ զբաղվող, իրենք իրենց դեղեր նշանակող մարդկանց կողմից։ Նման չարաշահումները կարող են հանգեցնել հակաբիոտիկների նկատմամբ կայուն մանրէների մուտացիայի և հիվանդությունների նոր դրսևորումների։ Հակաբիոտիկների հանդեպ կայունությունը լուրջ սպառնալիք է մարդկության համար, քանզի նոր հակաբիոտիկների ստեղծումը գնալով նվազում է, իսկ դրանց հանդեպ կայուն մանրէների թիվը՝ սարսափելի արագությամբ մեծանում։ 
Եվ այսպես տեղեկանանք, մտապահենք հետևյալը հակաբիոտիկների վերաբերյալ և այս դեղամիջոցների ինքնանշանակման ժամանակ չզլանանք ու վերհիշենք։
1. Հակաբիոտիկներ կարող է նշանակել միայն բժիշկը, ոչ մի դեպքում հակաբիոտիկներով ինքնաբուժման գործընթաց չձեռնարկեք։
2. Հակաբիոտիկաթերապիան ինքնուրույն չընդհատեք, դեղաչափը չփոփոխեք։
3. Հակաբիոտիկներ նշանակելու կատարյալ տարբերակ է այն նշանակելուց առաջ ստուգել մանրէի զգայնությունը տարբեր խմբերի հակաբիոտիկների հանդեպ։ Հիշեցրեք սա հակաբիոտիկ նշանակող ձեր բժշկին։
4. Հակաբիոտիկներն անզոր են վիրուսների դեմ պայքարում, վիրուսային հիվանդությունների դեպքում երբեք հակաբիոտիկներ չընդունեք։
5. Հակաբիոտիկները «համենայնդեպս», «ապահովության համար» և «պրոֆիլակտիկ» սկզբունքներով ընդունել չի կարելի։
6. Հակաբիոտիկների չհիմնավորված ընդունումն ընկճում է մարդու իմունային համակարգը։
7. Հակաբիոտիկներ ընդունելուց առաջ անպայման կարդացեք ներդիր թերթիկը, ստուգեք նաև ժամկետը և ծանոթացեք պահպանման պայմաններին։
8. Հատկապես առավել ուշադիր եղեք երեխաներին հակաբիոտիկներ տալուց, քանզի որոշ հակաբիոտիկների ցուցաբերած կողմնակի ազդեցությունները կարող են անդառնալի փոփոխությունների պատճառ հանդիսանալ (օրինակ՝ լսողության կորուստ, վեստիբուլյար ապարատի աշխատանքի խախտում և այլն)։ 
9. Հակաբիոտիկներն ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, ուստի հակաբիոտիկաթերապիայի ժամանակ ի հայտ եկող երևույթների մասին անպայման տեղեկացրեք ձեզ բուժող բժշկին։
Եղեք հետևողական և իրազեկ, մի նպաստեք մանրէների դեղակայունության գործընթացին։

Երևանի պետական բժշկական համալսարանի
դեղագործության կառավարման ամբիոնի դասախոս
Անուշ Բարսեղի Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել