Վանի ափին մի ռեստորան կա: Նրա տերն ազգությամբ քուրդ է: Մի անգամ հետը զրուցելիս ցանկություն հայտնեցի տեսնել մի այնպիսի ընտանիքի, ում տատը հայ է եղել: Սա էլ բա՝ իմ տատը հայ է, չե՞ս հավատում, արի գնանք, մեր գյուղի տունը տես:
Ու սկսեց պատմել, որ իրենց գյուղի տան պատերից շատերը խաչքարեր են: Իր տատն է այդպես ցանկացել, մոտակա վանքի քարերով է կառուցվել իրենց տունը, որպեսզի այլոց ձեռքը չընկնեն խաչքարերը: Սրա մասին պատմեցի ինձ ուղեկցող քրդին:
Հաջորդ օրն ինձ ուղեկցող քուրդը բավականին հետաքրքիր տեղեկություն տվեց այդ ռեստորանի սեփականատիրոջ մասին: Պարզվում էր, որ այդ քուրդը հայերին ուղեկցում է ոչ թե իր պապական տունը, այլ տան վերափոխված հայկական մատուռը, և որ բոլորից անխտիր ինչ-որ քարտեզներ է ուզում, որով հնարավոր կլինի գտնել հայերի ենթադրյալ գանձերը, որոնք թաքցրել են գաղթից առաջ:
Փորձի համար նորից գնացի այդ ռեստորան և առաջարկեցի՝ հաջորդ այցիս ժամանակ անպայման ինձ տանի գյուղի «իրենց տունը»: Համաձայնվեց և խոսքի մեջ էլ քարտեզներից խոսեց...
Արդեն ամեն բան պարզ էր ինձ համար... Ամեն քրդի ասածին մի՛ հավատացեք, թե տատը կամ նախատատը հայ է...



