Yerkir.am-ը գրում է.
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` այս տարվա 9 ամիսների արդյունքներով` Հայաստանում արձանագրված մեռելածին երեխաները 625-ն են եղել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 47-ով, իսկ 2013-ի համեմատ` 89-ով:
Ի դեպ, մինչև 1 տարեկան հասակում մահացածների թիվը նույնպես ավելացել է` 7-ով /եթե 2014-ին նրանց թիվը հասնում էր 273-ի, ապա, 2015-ին` 280/:
Չի հուսադրում նաև ծնունդների թիվը` 2015-ին 30 666 երեխա է ծնվել` 2014-ի համեմատ նորածինների թիվը նվազել է 792-ով:
Yerkir.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ աղոռջապահության նախարարություն` իամանլու, թե ինչ քայլեր են արվում, որպեսզի խուսափենք մեռածնությունից և ինչով է պայմանավորված այն հանգամանքը, որ մեռելածին երեխաների քանակը վերջին տարիներին ավելացել է:
Նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչությունից Իրինա Ներսիսյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում է, որ աշխարհում դեռևս հաղթահարված չէ մեռելածնության հիմնախնդիրը, քանի որ այն ունի բազմաթիվ անկանխատեսելի ու կանխարգելմանը չենթարկվող պատճառներ:
«2015թ. մեռելածնության դեպքերի բարձրացումը կարող է պայմանավորված լինել տարեսկզբին հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններում ներդրված «Պտղի զարգացման արատների վաղ ախտորոշումը և վարումը» ծրագրով, որի շրջանակներում վերապատրաստվել են հանրապետության առաջնային բուժօգնություն իրականացնող մանկաբարձ–գինեկոլոգները և էխոսկոպիստները: Արդյունքում ավելացել է պտղի զարգացման արատների վաղ հայտնաբերումը և բժշկական ցուցումներով ընդհատումը, ինչը նպաստել է նորածնային մահացության և հիվանդացության իջեցմանը»,-ասում է Ներսիսյանը:
Նրա հավաստմամբ` մեռելածնության թվի ավելացմանը նպաստել են նաև ներարգանդային ինֆեկցման, ինչպես նաև մոր էքստրագենիտալ ախտաբանությունների հաճախացումը:
Նախարարությունը, սակայն, ըստ Ներսիսյանի, քայլեր է ձեռնարկում խնդրի լուծման համար.«Ներկայումս իրականացվում են նախածննդյան խնամքի բարելավմանն ուղղված ծրագրեր, ինչպես նաև մշակվում են մեթոդներ` ուղղված պտղի զարգացման արատների, մեռելածնության կանխարգելմանը, մասնավորապես` կներդրվի նախաբեղմնավորման խնամքի ռազմավարությունը, որի շրջանակներում կինը մինչև հղիությունը կենթարկվի հետազոտման և կնախապատրաստվի հղիություն, օգտագործելով ֆոլաթթու և զերծ մնալով վտանգավոր սովորույթներից /ծխել, ալկոհոլի օգտագործում, անառողջ սնուցում և «անշարժ» ապրելակերպ/»:



