Երիտասարդական ակումբների դաշնությունը (ԵԱԴ, FYCA), Եվրախորհրդի եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, 2012թ. դեկտեմբերի 15-16-ը Երևանում` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի դահլիճում (հասցեն` Աբովյան 50/5), կազմակերպում է «Պայքար առցանց ատելության դեմ» խորագրով ազգային սեմինար:
Սեմինարը կանցկացվի Եվրախորհրդի «Երիտասարդությունն ընդդեմ առցանց ատելության» 2012-2014թթ. ընդգրկուն քարոզարշավի շրջանակներում, որի նպատակն է անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով զինել երիտասարդությանն ու համատեղ ուժերով պայքարել ռասիզմի և խտրականության առցանց դրսևորումների դեմ:
Սեմինարը կհամախմբի ակտիվ երիտասարդների, բլոգերների, իրավաբանների, լրագրողների, ոլորտի փորձագետների, հասարակական և քաղաքական գործիչների, որոնք կմշակեն 2013-2014թթ. ազգային ռազմավարություն` պայքարելու առցանց ատելության դեմ:
Սեմինարի բացումը դեկտեմբերի 15-ին է` 12:00, որից հետո մասնակիցները կներկայացնեն թեմայի վերաբերյալ սեփական մոտեցումները, առաջարկությունները, ակնկալիքները, իսկ երկրորդ օրը` դեկտեմբերի 16-ին, կաշխատեն տարբեր խմբերում` նախագծելով 2013-2014թթ. «Առցանց ատելության դեմ պայքարի» ազգային ռազմավարական պլանը:
ԵԱԴ-ն այս ոլորտում ունի համապատասխան փորձ և կօգտագործի իր ողջ ներուժը` համակարգելու ազգային ռազմավարական պլանի մշակման ու կյանքի կոչման աշխատանքները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել