Սիրելի ուսանողներ,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքներն ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ:

Անչափ կարևորվում է ուսանողության դերը գիտելիքահեն հասարակության ձևավորման ու զարգացման ներկա ժամանակաշրջանում: Բարեկիրթ, մասնագիտական բարձր կարողություններով օժտված երիտասարդների վրա է խարսխվում զարգացած, ուժեղ ու տնտեսական ամուր հիմքեր ունեցող պետության տեսլականը: Ներկա մարտահրավերներին դիմակայող և հաստատուն քայլերով առաջ գնացող մեր պետության համար առավել քան կարևորվում է կրթության ոլորտի զարգացումը, որակյալ մասնագիտական կրթության ապահովումը, բարձրորակ կադրերի պատրաստումը:

Հայրենասիրությունը, զարգացած և ամուր պետություն ունենալու ձգտումը պարտավորեցնում է լինել առավել խստապահանջ թե սեփական անձի, թե մատուցվող գիտելիքների հանդեպ, պահանջում է լինել ակտիվ ու ներգրավված՝ կրթության ոլորտում ընթացող բոլոր գործընթացներում: Ներկա փուլում իրականացվող կրթական բարեփոխումների հաջողության գրավականը գիտելիքի նորովի արժևորումն ու դրա ձեռքբերման գործընթացում ձեր քաղաքացիական բարձր գիտակցությունն է:

Միաժամանակ հույս եմ հայտնում, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությամբ առաջիկայում պետական տոնացույցում կունենանք, Հայաստանի ուսանողության օր և պատահական չէ, որ տոնական օր է ճանաչվելու մայիսի 16-ը՝ հիմք ընդունելով 1919 թվականին Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը: Վստահ եմ, որ մայր բուհի ստեղծման օրը մեր ժողովրդի համար ունի պատմական նշանակություն և թանկ է բոլոր ժամանակների և ներկայիս ուսանողության համար:

Կրկին շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում սովորող մեր ուսանողներին միջազգային այս տոնի կապակցությամբ, ցանկանում լավատեսություն, հաստատուն կամք, ուսման մեջ հաջողություններ և բոլոր նպատակների իրականացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել