Shamshyan.com-ը գրում է.

Քիչ առաջ առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ազատության 12/2 շենքի բնակարաններից մեկում երիտասարդ կնոջ դի կա կախված:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված շենք են ժամանել հրշեջ-փրկարարներն ու 1-03 շտապ օգնության բրիգադը: Ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկացվել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժին, որտեղից ժամանում է քննչական խումբը: Ոստիկաններն ու հրշեջները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել են 29-ամյա Լ. Ա.-ի դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրան տանը հայտնաբերել է մայրը, ով ահազանգել է ոստիկանություն և փրկարար ծառայություն:

Ըստ տեղեկությունների՝ Լ. Ա-ն Facebook սոցիալական ցանցի միջոցով իր ընկերոջը տեղեկացրել է, որ ինքն ինքնասպան է լինելու: Այս տեղեկությունը քննչական բաժնում և ոստիկանությունում պարզվում է: Փաստի առթիվ Քանաքեռ-Զեյթուն քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել