Կառավարության օրակարգում շարունակում է մնալ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ռազմավարությունը, որի շրջանակում նախատեսվում է մինչև 2036 թվականը նվազագույն ծախսերով էլեկտրաէներգետիկ համակարգի զարգացում: Այդ նպատակի հաղթահարմանն են ուղղված նաև տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, ներդրումային միջավայրի բարելավման և հարկային օրենսդրության բարեփոխումների միջոցառումները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն օրեր առաջ ընդունել է բրիտանական «Գրեյնջ հոլդինգ» ընկերության ղեկավար Շեյխ Ասադին: Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են բրիտանական ընկերության կողմից Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումների իրականացման հնարավորություններն ու ծրագրերը: Շեյխ Ասադի խոսքով՝ իրենք շահագրգռված են Հայաստանի էներգետիկայի, մասնավորապես՝ ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում ներդրումների իրականացմամբ:
Հայտնի է, որ ներկայումս Հայաստանի հզորությունների կազմը բավականին հնացած է, արտադրող հզորությունների մեծ մասը շահագործվում է 30 տարուց ավելի: Հին և ոչ արդյունավետ ջերմային բլոկերը հիմնականում չեն շահագործվում և թողարկվում են միայն ՀԱԷԿ-ի վերաբեռնավորման և ձմեռային պիկի ժամանակ: Ջերմային հզորությունների հուսալիությունը շատ ցածր է: Ջերմային 810 ՄՎտ հզորություններից առնվազն 3 բլոկերը շահագործումից դուրս կբերվեն 2019թ.:
Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի հիմնական տվյալների համաձայն՝ ընդհանուր ներքին սպառման 43%-ն ապահովվել է ջերմային արտադրությամբ: Արտադրական հզորությունների սերնդափոխության և արդիականացման հարցն այսօր արդեն հրամայական է:
«Գրեյնջ հոլդինգ»-ի ղեկավարը նշել է, որ պատրաստ են ջերմային էներգետիկայի արտադրության ոլորտում ներդնել շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար: Ընկերություն ղեկավարը նշել է նաև, որ ուսումնասիրել է Հայաստանի էներգետիկայի ոլորտում իրականացվող քաղաքականությունը և պարզել, որ Հայաստանն ունի ներդրումային գրավիչ հնարավորություններ:
Այդ է վկայում վերջերս Համաշխարհային բանկի «Doing Business 2016» զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելն ավելի դյուրին է դարձել, քան նախորդ տարի: Հայաստանը երեք կետով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 35-րդ հորզիոնականը, և սա Հայաստանի՝ երբևէ գրանցած լավագույն ցուցանիշն է:
Վարչապետ Աբրահամյանը ողջունել է բրիտանական ընկերության՝ ներդրումներ կատարելու պատրաստակամությունը և նշել, որ Հայաստանը ներդրումների համար ունի լիբերալ հարկային դաշտ՝ ընդգծելով, որ կան բոլոր հնարավորությունները «Գրեյնջ հոլդինգ»-ի ներդրումային ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար: