Galatv.am-ը գրում է.
Թուրքական Իզմիր քաղաքում ձերբակալված զինյալը, ով ֆրանսիական անձնագիր ունի, ցանկացել է ահաբեկչությունից առաջ փոխպատվաստել մազերը եւ եւս մեկ պլաստիկ վիրահատության ենթարկվել, գրում է Պաոլո Լեվին La Stampa թերթում:
«Նրան մատնել է ճաղատությունը. ջիհադիստին թուրք ոստիկանները բերման են ենթարկել այն պահին, երբ նա այցելել է Իզմիրի էսթետիկ կենտրոններից մեկը`փոխելու իր արտաքին տեսքը: Տեղի ոստիկանության տվյալներով, ԻՊ-ի ենթադրյալ անդամ ահաբեկիչ-նարցիսիստը վերջերս է տեղափոխվել Սիրիայից: Մազերի փոխպատվաստումից եւ վիրահատությունից հետո տղամարդը ցանկանում էր ահաբեկչություն իրականացնել Թուրքիայում: Մեհդիբենդ Սաիդին թուրքական հատուկ ծառայությունները հետեւել են Իզմիրում գտնվելու ընթացքում»,-գրում է հեղինակը:
Ճաղատ արմատականը մոտեցել է կենտրոնի աշխատակիցներին, նրանց դիմել մազերի փոխպատվաստում եւ էսթետիկ վիրահատություն կատարելու խնդրանքով:
«Ես ցանկանում էի ներկայանալ լավագույն տեսքով»,-խոստովանել է նա իրավապահներին: Ահաբեկիչը մահվան հետ հանդիպմանը գեղեցիկ տեսքով է փորձել ներկայանալ:
Վաղը` նոյեմբերի 15-ին, Իզմիրից 500 կմ հեռավորության վրա գտնվող Անթալիա քաղաքում մեկնարկելու է «Մեծ քսանյակի» գագաթաժողովը, որին մասնակցելու են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ կապակցությամբ Թուրքիայում ձեռնարկվել են անվտանգության աննախադեպ միջոցառումներ: Մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել են ԻՊ-ի հետ կապեր ունեցող 20 կասկածյալներ: