Այսօր երկու բևեռ, երկու սկիզբ իրար դեմ են կանգնել` իմ գիտակցության մեջ… Նույն մարդկության մեջ – և որքա՜ն տարբեր…
Առաջին բևեռը: Մի մեծատուն – արբած իր ազդեցությամբ և հարստությամբ, իր ժառանգի հարսանիքն է անում, և միլիոն վարդ թռել-հասել են այդ հարսանիքին: Տեսնես, ի՞նչ գույնի են այդ վարդերը: Երևի կարմիր են, արյան գույնի… Իսկ կանաչ տերևներին նստել են բյուրեղ կաթիլներ – երևի արցունքներ են…
Երկրորդ բևեռը: Գայլաշան պատմությունը – Ստիվեն Սպիլբերգի «Բալտո» մուլտֆիլմը – սա պատմություն է մարդու մասին: Որովհետև այս գայլաշան էթիկան բարձր է – ինչպիսի՜ սեր կյանքի նկատմամբ, ծնողական ի՜նչ զգացում դուստր-գայլաշան նկատմամբ:
Երկու ծնողի – մարդու և գայլաշան կերպարները կանգնած են իրար դեմ, երկու սիրտ – արարչածին: Եվ ասում է գայլաշունը` «Ես ապրում եմ, բայց չգիտեմ, թե ով եմ ես»: Մարդը այդպիսի հարց չի տալիս – նա կարծում է, թե գիտի` ո՜վ է ինքը:
Մարդը ուզում է, որ ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա – այս աշխարհը, այս երկիրը, այս փողոցները, այս հարստությունը – ամեն ինչ: Մանավանդ` հարստությունը: Գայլաշունը իմաստուն է և ասում է. «Նա վախենում է ոչ թե մահից, այլ փոփոխություններից» : Նա մարդկանց մասին է ասում – այն մարդկանց, որոնք ժանիքները խրել են ժամանակի մարմնի մեջ և պատառոտելով ժամանակը` ձգտում են կանգնեցնել այն: Ժամանակն արյունահոսում է, բայց կանգ չի առնում… Մարդը ժանիքները հանում է ու քիթը խրում է վարդի փնջերի մեջ…
Մարդը ձգտում է կայունության – իբր նա աղյուս առ աղյուս դարսել է և շարել է կայունության պատը: Ա՜խ, քաղցր կայունություն, պահպանի՜ր ձեռ գցածս… Իսկ գայլաշունն ասում է. «Կան աստղեր, որ հանգում են, և կան, որ նոր են վառվում…»: Բայց մարդը անտեղյակ է այս աստղաբանությանը… Գայլը ոռնու՜մ է – ինչպիսի աղոթք: Մարդը խոսում է – չափված, ձևված, նախորոք գրած – բերանացի արած, և ո՜չ մի աղոթք նրա խոսքերի մեջ: Թեկուզ ոռնալ – բայց մի պտղունց անկեղծություն լինի, մի պտղունց աղոթք լինի…
Գայլաշունը գիտի, որ ջրի միջով է ապագայի ճանապարհը – մաքրվելու համար: Սառույցները նրա համար ճանապարհ են ստեղծում: Գայլաշունը ապրելու է: Մարդը վախենում է ջրից, թեկուզ իր վարդերը դնում է ջրի մեջ: Բայց ինքը չի կարող ՋՐԻ մեջ մտնել: Նա վախենում է ջրից: Նա վախենում է կյանքից: Եվ այդպես էլ կխեղդվի փոշու ալիքների մեջ…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3575344402792
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել