Շատ երկար ժամանակահատվածում առաջին անգամ մեծ հետաքրքրությամբ հեռուստացույցով հայկական ալիք եմ նայում, ու արդեն մի քանի ժամ է՝ չեմ կարողանում կտրվել «Այո և ոչ»-ի ուղիղ հեռարձակումից։
Ամենայն անկեղծությամբ եմ ասել, նույնիսկ ԲՀԿ-ի խիստ ընդդիմացման ու որպես հետևանք՝ Կենտրոն հեռուստաընկերության հայտնի մարտավարության ժամանակ մեր հեռուստաեթերում չի խոսի նման ազատություն ու իրական պատկերի արտացոլում։
Ու ասելով խոսքի ազատություն՝ ես ի նկատի չունեմ զուտ այն, որ եթերում են հայտնվել ընդդիմադիր կերպարներն իրենց ասելիքով, այլ նրա համար, որ ինտերակտիվ բանավեճի մեջ են մտնում հասարակ քաղաքացիներ, ու ի՜նչ կուտակված բան ունեին ասելու թե՛ իշխանություններին, թե՛ մշտապես խոստացող ու խաբող ընդդիմությանը, ասում են։
Չգիտեմ՝ արդյո՞ք ծրագրի կազմակերպիչներն ու հեղինակները պատրաստ էին նրան, որ հենց առաջին օրվանից այսպիսի պատկեր է ստեղծվելու, ու հեռուստատեսությամբ հնչելու են թեզեր ու արտահայտություններ, որոնք դեռ երեկ տաբուացված էին մեր հեռուստաեթերում, բայց ամեն դեպքում հույս ունեմ, որ դա հետագայում չի խոչընդոտի այս հրաշալի նախագծի ընթացքին, և այն մինչև վերջ կշարունակվի։
«Այո և ոչ»-ը հրաշալի խողովակ է դառնում, որի միջոցով մի կողմից ժողովրդի ուշադրությանն են հասցնում սահմանադրական բարեփոխումների բուն էությունը, իսկ մյուս կողմից ստանում են հետադարձ կապ և կարողանում են տեսնել իրական պատկեր, թե ինչ է մտածում ու ինչ է զգում շարքային հայաստանցին ինչպես բարեփոխումների, այնպես էլ առհասարակ քաղաքական համակարգի նկատմամբ։