«ATV» հեռուստաընկերության նոր՝ «Քարե դարդ» սիթքոմում իր մասնակցությունը կունենա նաև դերասանուհի Անատի Սաքանյանը։ «Ֆուլ հաուս» սիթքոմից հետո սա առաջին նախագիծն է, որում նկարահանվում է Անատին։
BlogNews-ի հետ զրույցում նա ասաց, որ տևական դադարը պայմանավորված էր նրանով, որ ինքը Հայաստանում չէր։ «Վերջերս եմ եկել Մոսկվայից և ստացա այս առաջարկը, որն ինձ միանգամից գրավեց. երբ լսեցի սաունդթրեքը, արդեն շատ ոգևորվեցի, նույնիսկ մտածելու ժամանակ չխնդրեցի։ Սա շատ տարբերվող սիթքոմ է, և ինձ համար հետաքրքիր էր էստեղ էլ տեսնել ինձ»,- նշեց նա ու հավելեց, որ նկարահանումները նոր են սկսել, դեռ լիարժեք չի հարմարվել քարե դարին, սակայն ընթացքում ամեն բան իր տեղը կընկնի։
«Շատ միախմբված թիմ ունենք, կերպարի, արտաքին տեսքի հետ կապված ամեն բան միասին ենք համաձայնեցնում։ Ես խաղում եմ գլամուրային աղջկա դեր, կերպարիս անունը Սիսիանուշ է, սակայն ես չեմ սիրում, որ ինձ այդպես են դիմում, և դառնում եմ Սիսի։ Ինձանով հետաքրքրված են ցեղի բոլոր տղամարդիկ, ես գիտեմ դա և օգտագործում եմ առիթը, տղաներին ման եմ տալիս իմ հետևից։ Քանի որ ես ցեղապետի աղջիկն եմ, հարուստ եմ և ինձ շատ ճոխություններ եմ թույլ տալիս՝ նոր հագուստներ, թանկարժեք մորթիներ»,- ասաց Անատին։
Դերասանուհին նշեց, որ քարե դարի «գլամուրը» շատ հետաքրքիր է ստացվել. «Ցանկանում ենք ցույց տալ, որ «գլամուր» բառն է նոր հայտնվել մեր բառապաշարում, սակայն երևույթը բոլոր ժամանակներում էլ եղել է։ Միշտ եղել են տարբերվող, խնամված կանայք և հակառակը։ Ես և քույրիկս՝ Աննա Մանուչարյանի հերոսուհին, հակապատկերներ ենք. նա միշտ նույն հագուստով է, թանկարժեք մորթիներ չի հագնում, իսկ ես անընդհատ փոխում եմ շորերս»։
Անդրադառնալով հարցին, որ իրեն միշտ գլամուրային աղջիկների կերպարներ են առաջարկում, նույնիսկ քարե դարում իրեն այդպիսին են պատկերացրել, արդյոք իրականում ինքը գլամուրային է, Անատին պատասխանեց. «Գլամուրը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ է ասոցացվում։ Ես չեմ կարող ասել՝ այդքան գլամուր եմ, թե՝ ոչ, բայց սիրում եմ հագնվել շատ լավ, ունենալ ճոխ, արիստոկրատ տեսք և տարբերվել։ Երևի դա էլ ստիպում է մարդկանց, որ ինձ ասեն՝ գլամուր։ Եթե դա գլամուրն է, ուրեմն այո»։ Ըստ Անատիի՝ ինքն ուշադրություն չի դարձնում հագուստի գնին, կարող է էժան հագուստ հագնել, սակայն լավ տեսք ունենալ։
«Ֆուլ հաուսը» դերասանուհուն տվեց հայտնիություն, սակայն այնտեղ Անատիի դերը փոքր էր։ Ըստ նրա՝ «Քարե դարդ»-ում իր համար նոր նշաձող կսահմանվի։ «Այստեղ իմ դերն ավելի մեծ է, խաղալու տեղը՝ շատ, կարող եմ շատ բացվել։ Կարծում եմ՝ սա տարբերվող է և՛ ինձ համար, և՛ իմ երկրպագուների, հանդիսատեսի. մարդիկ իրենց համար կբացահայտեն ուրիշ Անատի»,- եզրափակեց դերասանուհին։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի



