Փարիզում և Պետերբուրգում կույրերի համար մի քանի դպրոցներ և ձեռնարկություններ հիմնած հայտնի մանկավարժ Վալենտին Հայուին ծնվել է 1745թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայում:
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշման՝ հենց այս ամսաթիվն էլ դարձել է Կույրերի միջազգային օրվա հիմքը (International Day of the Blind): Մինչև 18-րդ դարն աշխարհը չգիտեր կույրերի համար նախատեսված հաստատությունների մասին:
Վալենտին Հայուին առաջին անգամ ցուցադրեց կույրերին ուսուցանելու իր մեթոդը, որի տառատեսակը մշակել էր ինքը: 1784թ. Փարիզում առանց կառավարության և բարեգործական ընկերությունների աջակցության իր սեփական տանը նա բացում է կույր երեխաների համար աշխարհում առաջին դպրոցը՝ «Կույր աշխատավորների արհեստանոցը»:
Կույր երեխաների ուսուցումը և դաստիարակությունը Հայուին դնում է գիտական հիմքի վրա: Նա մշակում է հատուկ տառատեսակ, որի շնորհիվ հնարավոր է դառնում ուսուցանել կույր երեխաներին և գրքեր տպագրել: Կույրերի համար գրքեր տպագրելու գաղափարը նույնպես պատկանում է Հայուիին: Չնայած նյութական մեծ դժվարություններին՝ նա տպարան է բացում և մի քանի գիրք տպագրում: