Տարօրինակ մթնոլորտ է իշխում սոցցանցերում։ Մինչ սահմանադրական բարեփոխումների կողմնակիցներն ու ընդդիմադիրները կենաց-մահու կռիվ են տալիս իրար դեմ, մեղադրում միմյանց և խորանում իրենց քարոզչության մեջ, մարդկանց մեծամասնությունն անկեղծորեն չի կարողանում հասկանալ, թե ինչու պետք է նոր սահմանադրությունը դառնա այն պանացեան մեր հասարակության, որը նկարագրում են դրա կողմնակիցները, կամ էլ ինչու պետք է ունենա այնպիսի ապոկալիպտիկ հետևանքներ երկրի համար, ինչպես դա փորձում են ներկայացնել նոր սահմանադրության դեմ հանդես եկողները։
Երևի թե մարդիկ մոռացել են իրենց պոլեմիկայի մեջ, որ սա մեր երկրորդ սահմանադրությունն է, բայց որ հետհայացք գցենք, կտեսնենք, որ առանձնապես ոչ մի բան չի փոխվել մեր կյանքում՝ համեմատած առաջին սահմանադրության ժամանակների հետ։ Ու սա զարմանալի չէ։ Ի վերջո, բոլոր ժամանակների ամենաբարի ու ժողովրդական սահմանադրությունը եղել է ստալինյան սահմանադրությունը...
Խնդիրը նրանում է, որ ինչ ասես կարելի է գրել ու ջնջել այդ մի քանի էջերի վրա։ Կարելի է դարձնել այն իսկական ուտոպիզմի տեքստային տարբերակ, կամ էլ ընդհակառակը՝ դժոխքի նկարագիր։ Ի վերջո, այդ ամենը ոչ մի նշանակություն չունի, եթե այդ տեքստի դրույթներն այդպես էլ մնում են թղթի վրա գրված։ Վստահ եմ, որ հիմա էլ նույնն է լինելու, ու անկախ նրանից՝ կընդունվի նոր սահմանադրություն, թե չի ընդունվի, միևնույն է՝ հասարակ քաղաքացին իր առօրյայում ոչ մի փոփոխություն չի նկատելու, որն ուղղակիորեն կապված կլիներ դրա հետ։
Այլ կերպ ասած՝ որքան էլ մեզ երկնքից կաթացող մանանա խոստանան սահմանադրությունը փոխելու արդյունքում կամ էլ գեհենի կրակներ գուժեն դրա համար, դրանից իրական պատկերը չի փոխվում, իսկ իրական պատկերը կայանում է նրանում, որ հիմա պարզապես թուղթ սևացնելու համազգային բազար են ուզում անել լոկ։