Հետաքրքիր է տեսնել, թե հարևան երկրներում և Հայաստանում որպես հիմնական լեզու որոնք են օգտագործում Ֆեյսբուքում: Այսօր շատ երկրներ հնարավորություն ունեն իրենց ազգայինն օգտագործել որպես Ֆեյսբուքի հիմնական լեզու, սակայն նախապատվությունը տալիս են օտար լեզուներին:
Ինչևէ, եկեք ավելի կոնկրետ նայենք երկրների օրինակներով: Սկսենք Հայաստանից: Հայաստանում հիմնական լեզուները ռուսերենն ու անգլերենն են: Մասնավորապես օգտատերերի 73%-ն օգտագործում է ռուսերեն, 18%-ը՝ անգլերեն, իսկ մնացածը՝ հայերեն:
Ադրբեջանում մի փոքր խայտաբղետ է և Հայաստանից բավականին տարբերվում է: Ադրբեջանցի օգտատերերի մեծ մասը՝ 38%-ը, նախապատվությունը Ֆեյսբուքում տալիս է ռուսերենին: Այս երկրում անգլերեն լեզվից օգտվում է օգտատերերի 18%-ը: Հատկանշական է, որ ադրբեջանցի օգտատերերի 37%-ն օգտվում է թուրքերեն լեզվից, իսկ մնացած 7%-ն՝ ադրբեջաներենից:
Վրաստանում հետաքրքիր պատկեր ունենք, Ֆեյսբուքը նշում է միայն ռուսերեն և անգլերեն լեզուների մասին՝ համապատասխանաբար 21% և 28%, մնացած տվյալները բաց են, և տոկոսների մասին ինֆորմացիա չի տալիս: Ենթադրում եմ, որ մնացած ինֆորմացիան վերաբերում է վրացերեն, ադրբեջաներեն և այլ լեզուներին, որոնց մասին Ֆեյսբուքը լռում է:
Ինչևէ, Վրաստանի պարագայում լրիվ տրամաբանական էր, որ սոց ցանցերում անգլերենի գործածումն ավելի մեծ է լինելու ռուսերենի համեմատ: Սա ասում եմ՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանում 18-24 տարեկանների ներգրավվածությունը Ֆեյսբուքում բավականին մեծ է (գերազանցում է Հայաստանի և Ադրբեջանի տվյալներին), և այն, որ երիտասարդությունն այսօր Վրաստանում հիմնական նախապատվությունը տալիս է անգլերենին: Ադրբեջանում ուշադրություն դարձնենք, որ թուրքերենն ու ռուսերենը գրեթե նույն մակարդակի վրա են: Հետաքրքիր է, որ թուրքերենն ավելի շատ են օգտագործում, քան Ադրբեջանում:
Հայաստանում օգտատերերի ճնշող մեծամասնությունն օգտվում է ռուսերեն տարբերակից: Սա ունի մի քանի բացատրություններ: Նախ՝ այն պարզ իրողությունը, որ ՀՀ-ում այսօր ավելի տարածված է ռուսերենի գործածումը, քան անգլերենի: Բացի դա, հայ հասարակության սոցիալական ցանցերի մշակույթի սկիզբն odnoklassniki.ru-ն էր, որն ամբողջությամբ ռուսերեն լեզվով էր: Աստիճանաբար օգտատերերը սովորեցին ռուսերեն տերմիններին ռուսերեն լեզի գործածությունը: Որպես օրինակ՝ LIKE-ին класс անվանելը, share-ին՝ поделиться և այլն:
Նկատենք, որ Ադրբեջանում և Հայաստանում մեծ տոկոս չի կազմում սեփական լեզվի օգտագործումը: Սա պայմանավորված է հիմնականում նրանով, որ տերմինների թարգամանությունը դժվարացնում է Ֆեյսբուքի պրակտիկ գործածությունը, և կայքը դառնում է որոշակիորեն անհասկանալի: Թարգմանությունը շատ ժամանակ կիսատ է լինում, իսկ շատ նախադասությունների «ռասշիֆռոֆկան» բավականին ժամանակատար գործընթաց է:
Զուտ ինձ համար հայերեն լեզուն, որպես Ֆեյսբուքի հիմնական լեզու, օգտագործելն անհարմար է: Հետո շատ ծրագրեր, նոր փոփոխությունները պատահում է, որ ուշ են դառնում հասանելի հայերեն լեզվով օգտագործելու դեպքում: Օրինակ՝ որոշակի ժամանակ առաջ հայերեն լեզվի պարագայում «feeling» բաժինն անհասանելի էր, իսկ անգլերենի դեպքում՝ ոչ: Հետո նոր հասանելի դարձավ նաև հայերենի պարագայում: