Ինձ համար՝ որպես ՀՀ քաղաքացի, ցանկացած ընտրություն ու հանրաքվե հետաքրքիր է առաջին հերթին այնքանով, որքանով դրա արդյունքները նպաստում են կամ էլ վնասում են երկրի պաշտպանությանը, որովհետև թեև այլոք դա հաճախ մոռանում են, բայց Հայաստանը պատերազմական իրավիճակում գտնվող պետություն է, և ցանկացած նման պրոցես ռիսկային է։
Այս նկատառումներից ելնելով է հիմնականում, որ ես կողմ եմ սահմանադրական բարեփոխումների այս փաթեթին, որովհետև ի տարբերություն գործող սահմանադրության՝ այն ավելի արդյունավետ ու քիչ ռիսկային կառավարման համակարգ է սահմանում պատերազմի ու խաղաղության դեպքում։
Ներկայիս համակարգը կայուն է ու արդյունավետ այնքան ժամանակ, քանի դեռ պառլամենտը հանդիսանում է նախագահի հլու ու հնազանդ մարմինը, բայց չկա ոչ մի երաշխիք, որ, ասենք, 10 տարի, 20 տարի կամ էլ 30 տարի հետո մեզ մոտ նախագահը կլինի այդքան ուժեղ դեմք քաղաքական դաշտում, իսկ պառլամենտը կլինի այդքան հնազանդ, ու նման իրավիճակներում կա երկիշխանության պոտենցիալ ռիսկ, որն անթույլատրելի շռայլություն կդառնա, եթե ակտիվ ու առավել ևս տևական մարտական գործողություններ սկսվեն։
Նոր սահմանադրությամբ առաջին ջութակի դերն անցնում է կառավարությանն ու բանակին՝ նվազեցնելով միջանկյալ անձանց ու մարմինների թիվը, որոնց հետ պետք է համաձայնեցվեն լուրջ ռազմա-տնտեսական որոշումները։ Միևնույն ժամանակ նոր սահմանադրությունով պատերազմական դրությունում վարչապետը պահպանում է քաղաքական գերագույն գլխավոր հրամանատարությունը, իսկ գործնական լիազորություններն ընկնում են ԶՈւ ԳՇ պետի ուսերի վրա, որը ճիշտ է. պատերազմով պետք է զբաղվեն զինվորականները։ Դե իսկ խաղաղ ժամանակ էլ ԶՈւ ԳՇՊ-ն ենթարկվում է պաշտպանության նախարարին, ով ավելի շատ ադմինիստրատիվ գործառույթներ է իրականացնում։
Թերևս միայն այս կետի համար արդեն պետք էր սահմանադրական փոփոխություններ անել, որովհետև վերոնշյալ ռիիսկերն առավել քան լուրջ են և կարող են բերել իրավիճակների, երբ պետական համակարգը ջլատվում է քաղաքական ինտրիգների պաատճառով, և այդ ժամանակ չի մնում ոչ մի այլ լուծում, քան ռազմական հեղաշրջումը, երբ ողջ իշխանությունն իր ձեռքն է վերցնում բանակը։ Եթե չենք ցանկանում ռազմական խունտ ունենալու ռեալ ռիսկեր ունենալ, ապա պետք է քվեարկել այս սահմանադրության օգտին։
Հ.Գ. «Այո՛»-ի քարոզիչներին կարելի է առանձին գովել այս հոլովակում Սեյրան Օհանյանին ընդգրկելու համար։ Նրանք լավ հասկանում են, որ բարձր վարկանիշ ունեցող միակ պետպաշտոնյայի խոսքը չի կարելի անտեսել՝ որպես հանրային գիտակցության վրա ազդելու լծակ։