BlogNews.am-ի գլխավոր խմբագիր

Օտարի լավ կամ վատ արժեքները կուրորեն կապկելու սովորույթը մեր գիտակցության մեջ կարծես այնքան է ներծծվել, որ այս երևույթից ազատվելու հույսն իմ մեջ տարեցտարի ավելի խորն եմ թաղում: 
Իհարկե, կան երկրներ, որոնց մոտ ստացվում է կապկումների փորձատաշտի ֆունկցիան հպարտությամբ կրել, իսկ կան երկրներ, որ ոչ: Վերջիններս հիմնականում վատ պարոդիստների են նման՝ միջակություններ, ովքեր դիմացինին նմանակելիս փոխանակ բնավորության գծերի, սովորությունների ու յուրահատկությունների մեջ խորամուխ լինելու հիմարաբար ծամածռվում են՝ փորձելով դիմացինի որոշ ժեստեր նմանակելով գոնե մի փոքր մոտենալ բնօրինակին: Ու այս իմիտացիան ստացվում է թերի: Թերևս հազիվ արժանի անգամ բավարար գնահատականի:
Վատ պարոդիստ է նաև մեր վարչապետը, ում նորարարական մտքերը ու ռեֆորմները մեծամասամբ արտասահմանյան փորձի խղճուկ նմանակումների շարքից են: Եթե նույնիսկ ապրիորի վերցնենք, որ դրանց հիմքում ազնիվ նկրտումեր են ու ամենը ազգի բարօրության համար է արվում, ապա միևնույն է լավագույն իրավաբանին անգամ մեր «մեղադրյալին» արդարացնել դժվար կլինի: 
Արդեն բոլորում ենք երկրորդ տարին, ինչ ազգովի տառապում ենք մի ծրագրի ձեռքին, որն ի սկզբանե միտված էր մեր ֆինանսական բեռը թեթևացնելուն և խոշոր ու չնախատեսված ծախսերից ազատելուն: Եվ իսկապես, ԱՊՊԱ-ի ներդրումը կարծես ոչ մի վտանգավոր բան չէր կանխագուշակում հասարակ քաղաքացիներիս համար: Ու երբ թվում էր, որ մենք մեկ քայլ առաջ արեցինք, գորշ իրականությունը մեզ վերադարձրեց ամպերից երկիր:
Այսօր ունենք մի իրականություն, երբ մագիստրալային փողոցները անհույս խցանվում են միայն այն պատճառով, որ, ասենք, երկու դիստրոֆիկ լիխաչ, իրար բախվելով, մեկը մյուսին 5 կամ 10.000 դրամի վնաս են հասցրել: Բախվում են իրար, փողոցի կենտորոնում կանգնեցնում մեքենաները, ու միանգամից մի քանի հարյուր մեքենա սպասում է, թե երբ է գալու ԱՊՊԱ-ի մարդը, մի քանի նկար նկարի ու արձանագրություն կազմի: Իսկ թե ապահովագրական գործակալին ինչպես է հաջողվելու շրջանցել այդ կիլոմետրանոց խցանումը, միայն Աստված գիտի: Արդյունքում ուրիշի 10.000 դրամ չկորցնելու համար հարյուրավոր մարդիկ կորցնում են մի քանի ժամ, ինչը գումարի փոխակերպելիս վստահաբար մի քանի անգամ կգերազանցեր ապահովագրականի փոխհատուցած գումարը: Ստացվում է, որ ինչ-որ չկայացած Շումախեռի պատճառով տուժում են փողոցից օգտվող երթևեկության մյուս մասնակիցները, ինչը աբսուրդ է: «Էլի ԱՊՊԱ են արել, վայ ես դրանց մերը». սա ամենահաճախ հնչող արտահայտությունն է վթար տեսնելիս: Իսկ ինչո՞ւ պետք է այսպես լինի: Մի՞թե այլ լուծում չկա: Այլ լուծում, իհարկե, կա: Ի դեպ, սրանից վաղուց օգտվում են նույն այն եվրոպացիները, ումից կապկել ենք պարտադիր ապահովագրություն երևույթը: Եվ այսպես, բախված մեքենաների տերերը, դուրս գալով մեքենաներից, անմիջապես իրենց բջջային հեռախոսներով նկարահանում են կատարվածը և ապահովագրական ընկերությունների կողմից իրենց նախապես տրված բլանկերի վրա լրացնում են, թե ինչ է կատարվել: Խելք խելքի են տալիս ու գնում իրենց գործերով՝ ամեն ինչ ավարտելով մաքսիմում 10 րոպեում: Ի դեպ, բլանկն այնքան պարզ է կազմված, որ դա լրացնել կարող է անգամ 3-րդ դասարանի երեխան: Ապա վթարի մասնակիցները իրենց հարմար ժամի ներկայանում են ապահովագրական ընկերության գրասենյակ ու ստիպված չեն լինում փոխհատուցում ստանալու համար երեք-չորս օր վազվզել: 
Հ.Գ. Իհարկե, հասկանում եմ, որ բյուրոկրատական քաշքշուկներով հաճախորդներին զզվեցնելը ու ամեն ինչ անելը, որ մարդ փոխհատուցվելիք գումարների վրա թքի ու փոխհատուցում չպահանջի, բխում է ապահովագրական ընկերությունների շահերից, բայց էդպես չի կարելի: Մարդ եղեք, մարդի՛կ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել