Ինչպե՞ս անվանել մեր արևելյան հարևան երկրի տիտղոսակիր բնակչությանը՝ ադրբեջանցինե՞ր, ազերինե՞ր, թուրքե՞ր, կովկասի թաթարնե՞ր... Շրջանառվող տարբերակներն, իհարկե, շատ են, բայց այս խնդրի պատճառներն ու հիմքերը տարածաշրջանի պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մեկին տեսանելի են, ինչպես արևն անամպ երկնքում: Պատճառն այն է, որ այսօր աշխարհին հնագույն պատմության ու մշակույթի կրողի կարգավիճակով ներկայանալ փորձող մեր արևելյան հարևաններն անցած դարի առաջին կեսին դեռևս նույնիսկ ինքնանվանում, որպես այդպիսին, չունեին, իսկ հարևանների կողմից անվանվում էին մուսուլման կամ թաթար։ Վերջիններս նույնիսկ Խորհրդային Միության տարիներին «Ո՞ր ազգից ես» հարցին պատասխանում էին «Մուսուլման եմ», իսկ իրենց լեզուն անվանում էին «Մուսուլմանական լեզու»։
Հատկանշական է, որ այսօրվա Ադրբեջան պետությունում ապրող բնակչության անվանումը լուրջ քննարկումների թեմա է նաև Թուրքիայում. շրջանառվող տարբերակներից անհամեմատ կենսունակ ու մրցակցող են «ազերի»-ն ու «ազերբայջանլը»-ն։ Թուրք հայտնի պատմաբան Իլբեր Օրթայլին կողմ է «ազերբայջանլը» տարբերակին: Վերջինս նշում է, որ «ազերի» տարբերակը սխալ է, քանի որ այն առանձին էթնանուն է, իսկ ադրբեջանցիները, ըստ Օրթայլիի, էթնիկ թուրքեր են, որոնք ինքնանվանումը վերցրել են տարածքի անունից։ Այնուամենայնիվ, նույն թուրքական աղբյուրներում հաճախ են հանդիպվում «ազերի» և «ազերիջե» տարբերակները, ինչն, անշուշտ, ճիշտ չէ, եթե խոսքը վերաբերում է ադրբեջանցիներին։
Ադրբեջանական շրջանակներում, որպես ինքնանավանում, այսօր ամենատարածված տարբերակն «ադրբեջանցի» ձևն է, ինչը ևս խնդրահարույց է, քանի որ Ադրբեջանում ապրող լեզգին, որը բոլորովին ուրիշ և առանձին էթնոսից է՝ համապատասխան էթնանունով, այնուամենայնիվ, քաղաքացիությամբ ադրբեջանցի է։ Ստացվում է՝ որպես էթնանուն կիրառվող եզրն իրականում մատնանշում է միայն քաղաքացիությունը, ինչպես, օրինակ, «ամերիկացին»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ashot.movsissyan/posts/938609902877346
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել