Մի տեսակ հոգնել եմ նրանից, որ գրեթե բոլոր հայկական սերիալներում կամ հարուստների մասին են պատմում, կամ էլ գողականների ու նրանց որսացող Գոռ Վարդանյանի։ Իրոք հոգնել եմ, որովհետև այդ պատմություններում ես չեմ տեսնում ինձ հոգեհարազատ միջավայր, ոչ էլ առանձնապես ծանոթ եմ կանոններին։ Մինչդեռ սերիալները պետք է հասկանալի լինեն հեռուստադիտողի համար ու այդ թվում նաև արտացոլեն նրանց առօրյա հոգսերը, ցուցադրվեն նրանց ծանոթ իրավիճակներ և լուծումներ։
Այլ կերպ ասած, մարդիկ կարոտ են մնացել հասարակ՝ իրենց պես սովորական մարդկանց կերպարներին, ովքեր ո՛չ օլիգարխիկ կայֆերի մեջ են, ո՛չ էլ զոն նայողներ ու կառատեիստ միլիցաներ են։ Այս առումով «Վերջին հայրիկը» պահանջված նորություն էր, որովհետև դրա հերոսների ու նրանց պատմությունների մեջ ոչ մի սյուռեալ բան չտեսա։
Ավելին, կարելի է ասել, առաջին անգամ էր, որ հենց սերիալի սկզբից տեսնում եմ իսկապես ակտուալություն ունեցող բարդ սոցիալական խնդիրների արծարծման փորձ. ընտանեկան բռնություն, ամուսնալուծված կանանց համար հետագայում բարեկեցիկ կյանք ունենալու դժվարություններ, ծնողազուրկ երեխաների խնամակալության հարց և այլն։
«Վերջին հայրիկը» դուրս եկավ նաև նրա համար, որ սյուժետային թարմություն էլ կար, ու չեմ հիշում, որ նախկինում նման ֆորմատի պատմություն մատուցված լինի։ Նույնը կարող եմ ասել նաև հերոսների շաբլոնների մասին. առաջին սերիաները նայելիս մոտս տպավորություն չստեղծվեց, որ հիմնական հերոսների կերպարներն ինձ ծանոթ են այլ սերիալներից։ Հավանաբար դրանում նաև դերակատարություն ունի այն, որ բավականին թարմ դերասանական կազմ է ընտրվել, որը չի «մաշվել»՝ այլ սերիալներում նոն-ստոպ նկարվելով։ Դրա համար էլ դերից դուրս գալու ու նոր դերի մեջ մտնելու խնդիրն այս պահին ակտուալ չէր ըստ իս։
Ինչևէ, դուրս եկավ ու կասեի անգամ՝ շատ եկավ։ Եթե դուք սիրում եք սերիալներ, ապա անպայման խորհուրդ կտամ դիտել «Վերջին հայրիկը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել