«Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն մերժեց Կոսովոյին. ինչո՞ւ դեմ քվեարկեց Հայաստանը

Նոյեմբերի 10-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 38-րդ գլխավոր կոնֆերանսին տեղի ունեցած քվեարկությունը, որի արդյունքներով պետք է որոշվեր ՅՈՒՆԵՍԿՕ-ին Կոսովոյի անդամակցել-չանդամակցելու հարցը, հայկական մամուլում և ընդդիմադիր որոշ շրջանակներում ոչ ադեկվատ գնահատանքի արժանացավ, որը, սակայն, հանգամանալից վերլուծության պարագայում միանգամայն ցույց է տալիս Հայաստանի քվեարկության պրագմատիկ բնույթը:

Հայաստանն այն 50 երկրների թվում էր, որը դեմ քվեարկեց Կոսովոյի անդամակցությանը, և այս անգամ ևս գտնվեցին ոմանք, ովքեր առանց խորը վերլուծության և հեռատես հաշվարկներ կատարելու Հայաստանին մեղադրեցին «Ռուսաստանի թելը թելելու մեջ»:

Մասնավորապես բավական տարօրինակ էր Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի գնահատականը, ով, Հայաստանին համեմատելով Զիմբաբվեի, Հյուսիսային Կորեայի հետ, ՀՀ իշխանություններին մեղադրում է Ռուսաստանի «կլիենտ» լինելու և սեփական շահը Ռուսաստանին ստորադասելու մեջ: Ինձ համար առնվազն զարմանալի է, որ իմ գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավորը, ով ժամանակին զբաղեցրել է դեսպանի և ԱԳ նախարարի պաշտոնները, կարող էր նման որակումներ տալ՝ հստակ իմանալով Կոսովոյի հարցում Հայաստանի սկզբունքային դիրքորոշման մասին։

Փորձենք ներկայացնել ընդամենը մի քանի հիմնավոր պատճառ, որոնց վրա հիմնվելով՝ Հայաստանը դեմ է քվեարկել: Արզումանյանի խոսքերից թյուր պատրանք է ստեղծվում, թե դեմ են քվեարկել միայն այն երկրները, որոնք Ռուսաստանին կողմն են, սակայն բավական է միայն աչքի անցկացնել դեմ քվեարկած երկրների ցուցակը, երբ պարզ կդառնա, որ, ի թիվս այլ երկրների, Կոսովոյի անդամակցությանը դեմ են եղել նաև Արգենտինան, Բրազիլիան, Էկվադորը, Չիլին, Բոլիվիան, Ուրուգվայը, Վենեսուելան, Պարագվայը, Մեքսիկան, Չինաստանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, որն, ի դեպ, ամենամեծ մուսուլմանական երկիրն է, Հարավային Աֆրիկան, Վրաստանը, Պաղեստինը, Ֆիլիպինները, ԵՄ անդամ երկրներից՝ Սլովակիան, Իսպանիան, Կիպրոսը և շատ այլ երկրներ:

Վերը նշված երկրների ցանկին մեկ հպանցիկ հայացք անցկացնելն էլ բավական է համոզվելու համար, որ դեմ քվեարկածներից ոչ բոլորի կարելի է մեղադրել Ռուսաստանի պատվերը կատարելու մեջ։ Եվ, առհասարակ, ինչպես դեռ տարիներ առաջ ասել էր նախագահ Սարգսյանը. «Ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Հայաստանը չի կարող ճանաչել նույնանման իրավիճակում գտնվող մեկ այլ կազմավորում, քանի դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Եվ վերջապես Հայաստանը ջերմ հարաբերություններ ունի Սերբիայի հետ, որի ամենավառ ապացույցներից մեկն այս տարի ապրիլի 24-ին Սերբիայի նախագահի ներկայությունն էր Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։ Այդ հարաբերությունների, հայ-սերբական դարավոր բարեկամությունը հայկական կողմի չի ցանկանա խաթարել:

Սրանք ընդամենը մի քանի օրինակ էր, որոնք հաշվի առնելով՝ Հայաստանը և քվեարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում, իսկ կան նաև այնպիսիք, որոնք առհասարակ հրապարակման ենթակա չեն, և ամեն անգամ՝ նախքան արտաքին քաղաքական որևէ որոշման վերաբերյալ «վերլուծություն» կատարելը, պետք է խուսափել տեղեկատվության կամ փորձի պակասից բխող սխալ եզրահանգումներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել