Անկեղծ ասած՝ բավականին զարմացած ու անչափ տպավորված եմ ATV ալիքով հեռարձակվող նոր՝ «Վերջին հայրիկը» հեռուստասերիալից։ Ես արդեն կորցրել էի հավատս, որ մեզ մոտ կարող են հոդաբաշխ սցենարով ու լավ դերասանական խաղով սերիալներ նկարել, որոնք դիտելիս չես ունենա զգացում, որ ինչ-որ զուգահեռ իրականություն են նկարագրում, որը մեզ հետ ոչ մի աղերս չունի։
Ճիշտ է, սերիալից դեռ երկու սերիա են ցույց տվել, բայց այս պահի դրությամբ կարող եմ նշել մի շարք լուրջ առավելություններ, որոնք աչք են զարնում այս հեռուսատասերիալում։
Նախ, ինչպես նշեցի, համենայն դեպս այս պահի դրությամբ ֆիլմի սցենարում այնպիսի կենցաղային ու սոցիալական իրավիճակներ են մատուցված, որոնք իսկապես լիքն են մեր շուրջբոլորը։ Չկա ավելորդ ուռճացում և անտեղի պաթոս, չկան կարծրատիպային կլիշեներ, այլ կան կերպարներ, որոնք այնքան իսկական են, որ չեն զարմացնում։ Բոլորս էլ գիտենք ինչ-որ միայնակ կնոջ, ով երեխայի հետ է մնացել ու, փորձելով բախտը կառուցել, տարբեր տղամարդկանց հետ է կապվել և հայտնվել անդունդում։ Բոլորս էլ գիտենք ալֆոնսների ու աֆերիստների մասին, ովքեր օգտվում են այդպիսի կանանց վիճակից ու օգտագործում են նրանց։ Բոլորս էլ գիտենք նման պայմաններում հայտնված երեխաների, որոնցից ոմանց բախտ է վիճակվում դուրս գալ այդ փոսից, իսկ ոմանց էլ՝ ոչ։ Մի խոսքով, զուտ պատմության սկիզբը դիտելիս չես ուզում բացականչել. «Չե՛մ հավատում»։
Շատ է դուրս եկել նաև դերասանական կազմի ընտրությունն ու դերասանների խաղը։ Հատուկ ցանկանում եմ նշել Գուժ Մանուկյանի խաղը, ով կադրում հայտնված ամեն վայրկյանում ապացուցում է, որ ինքն իզուր չի համարվում մեր դերասանական ասպարեզի կենդանի դասական։ Ճիշտ է՝ երկու սերիաներում դեռ շատ պերսոնաժներ չեն երևում, բայց եղածներն էլ տհաճ նստվածք չեն թողնում իրենց խաղով։ Նույնիսկ ֆիլմի գլխավոր հերոսը, ով դեռահաս է, բավականին լավ է նայվում ավելի փորձառու դերասանների կողքին։
Հատուկ ցանկանում եմ առանձնացնել երկխոսությունների կապակցվածության ու տրամաբանվածության պահը։ Այս սերիալում չեմ տեսել դեռ այնպիսի երկխոսություն, որը հասկանալի չէ, թե ինչու սկսվեց ու ինչու ավարտվեց այնպես, որ կիսատի տպավորություն թողներ կամ էլ այն աստիճան անիմաստ ձգձգված լիներ, որ նույն ֆրազները մի քանի անգամ կրկնվեին տարբեր տոնայնությամբ ու առանց տոնայնության։
Այս ամենի շնորհիվ սերիալը նայվում է մեկ շնչով ու ստիպում անհամբեր սպասել մյուս սերիաներին, որպեսզի տեսնես, թե ինչ զարգացումներ է ստանում այս պատմությունը։